Նախօրեին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարությունում: Նախարար Տոնոյանի հյուրն է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ պաշտոնական խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը մասնավոր այցով գտնվում է Հայաստանում: Ընդ որում, ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ Ջուլիանիի մասնավոր այցի «հեղինակը» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

Նախարար Տոնոյանը Ռուդոլֆ Ջուլիանիի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի անվտանգության միջավայրը, քննարկել են միջազգային մի շարք հարցեր:


Առաջիկա օրերին Հայաստանը սպասում է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական, ամերիկյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկի՝ Ջոն Բոլթոնի այցը, որը ռեգիոնալ է: Բոլթոնը այցելում է Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան:

Կասկածից վեր է, որ Բոլթոնի այցի առանցքում էլ լինելու են անվտանգության խնդիրները, արդեն այսպես ասած պաշտոնական մակարդակում: Ընդ որում, անկասկած է նաեւ, որ դրանց վերաբերյալ լինելու է առարկայական խոսակցություն, ինչը հուշում է Բոլթոնի կալիբրը:

Ահա այդ ֆոնին առավել հետաքրքիր է դառնում, որ մասնավոր այցով Հայաստան ժամանած խորհրդական Ջուլիանին նույնպես հետաքրքրվում է անվտանգային միջավայրով եւ անգամ դրա համար այցելում պաշտպանության նախարարություն, լսում նախարար Տոնոյանին:

Բոլթոնի հետաքրքրությունն ու այցը բավարար չէի՞ն ԱՄՆ համար, նախագահ Թրամփի համար, որ նրանից առաջ անվտանգությամբ հետաքրքրվում է նաեւ Ջուլիանին: Հազիվ թե դա Ջուլիանիի մասնավոր հետաքրքրությունը լիներ: Իսկ արդյո՞ք նախագահ Թրամփն ունի Հայաստանի անվտանգային միջավայրի վերաբերյալ պատկերացման համար երկու աղբյուրի կարիք եւ «համադրելու» է Ջոն Բոլթոնի եւ Ռուդոլֆ Ջուլիանիի տեսակետները ու խորհուրդները:

Դրանք կլինեն իրարամե՞րժ, թե՞ կլրացնեն միմյանց եւ ադ իմաստով ԱՄՆ հետաքրքրությունն ու օրակարգը այնքան լայն է, որ անհրաժեշտ է դիտարկվել չթողնել միայն Բոլթոնի ուսերին, որքան էլ դրանք լայն են քաղաքական ընդգրկման իմաստով:

Այդ հանգամանքը անշուշտ պարտավորեցնող ու պատասխանատու է պաշտոնական Երեւանի համար, բոլոր դեպքերում: Առավել եւս, որ այստեղ շրջանակն ավելի է լայնացնում Արա Աբրահամյանի ներգրավվածությունը: Դա՞ էլ մասնավոր է, թե՞ Ռուսաստանն ու ԱՄՆ Հայաստանի հարցում ինտենսիվ շփման օրեր են ապրում պաշտոնական եւ ոչ պաշտոնական խողովակների հաղորդակցությամբ:

Ըստ երեւույթին, հնարավոր է խոսել այն մասին, որ սկսված է Կովկասի անվտանգության նոր հայեցակարգի կամ նոր փիլիսոփայության շուրջ ամերիկա-ռուսական շփումների նոր փուլ, որի շարժառիթը նաեւ նոր Հայաստանն է: Հայաստանում տեղի ունեցած վերափոխումները այդ իմաստով խթան են ռեգիոնալ անվտանգության համակարգի տրանսֆորմացիայի գործընթացին նոր քաղաքական լիցք հաղորդելու համար: Այդ համակարգը կարող է հիմնված լինել Հայաստանի վրա: Այլ հենման կետ Կովկասի անվտանգության համակարգը չունի օբյեկտիվորեն: Այդ իմաստով նոր Հայաստանը ոչ թե նոր դեր է Հայաստանի համար, այլ Հայաստանի ռազմավարական դերը առավել արդյունավետ կատարելու նոր հնարավորություն:

ԱՄՆ թերեւս անմիջականորեն եւ համակողմանի փորձում է հասկանալ, թե նոր Հայաստանը որքանով է ունակ կատարել այդ դերը, դրանով իսկ որոշելու համար Ռուսաստանի կովկասյան քաղաքականության լեգիտիմության աստիճանը: Այն էապես պայմանավորված է Հայաստանի ինքնիշխան ունակությամբ: Վաշինգտոնն ըստ երեւույթին ուզում է համոզվել, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունը միջպետական բնույթի բերելու Հայաստանի քաղաքականությունը ձեւական չէ, եւ չի խաբում նաեւ Մոսկվան, ու այդ իմաստով նոր Հայաստանի թիկունքում չի շարունակվելու հին Հայաստանը:

Նյութի աղբյուրը՝lragir.am