Գազի համակարգում սակագինը 5 դրամով նվազեցնելու համար պետք է 17 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ թե ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիայի» հետ ունեն պայմանավորվածություն, որ կներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը:

Մելքումյանը նշեց, որ կարեւոր է ուսումնասիրել նաեւ այդ երկու ընկերությունների կողմից իրականացվող ծառայությունների մատուցման որակը եւ իրավապայմանագրային հարաբերությունները. «Նաեւ պետք է ամբողջությամբ վեր հանենք էլեկտրաէներգետիկ համակարգի եւ գազի համակարգի ծախսերի ամբողջ շղթան, այդ թվում շահույթի մասով»:

Անդրադառնալով կոնկրետ գազի ոլորտում առկա իրավիճակին, Մելքումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով, այն պայմանագիրը, որ կնքվել է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ եւ վավերացվել է ԱԺ-ի կողմից 2013-ի վերջին, ցավոք լավատեսություն չի ներշնչում:

«Այդ համաձայնագրում ներառված է 9 տոկոս ներքին եկամտաբերության նորմի պահանջը: Պահանջ կա, որ մինչեւ այս տարվա վերջ կնքվի մոդելային պայմանագիր, դա ապահովելու համար: Դա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան» իր կողմից կատարված 700 մլն դոլարի ներդրումների ծավալը (դրա մեջ մտնում է Հրազդանի 5-րդ բլոկը ձեռք բերելու, այնտեղ ներդրումներ կատարելու եւ Իրան-Հայաստանի գազատարի 130 կմ հատվածի շինարարության ծախսերը-խմբ) հանգեցնելու է սակագնի փոփոխության:

Սա նշանակում է, որ երբ որ հունվարի 1-ից նոր պայմաններ են առաջ գալու, այդ թվում սահմանին գազի գնի հետ կապված, ՀՀ կառավարությունը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձեւակերպի, որ դա չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման»,-ասաց նա:

Երկրորդ խնդիրը Միքայել Մելքումյանի խոսքով այն է, որ ցավոք, տարբեր համաձայնագրերով արձանագրված է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը պետք է պահպանվի, որը 10 տոկոս է. «Հաջորդը, դուք գիտեք, որ ՀՀ սահմանին հազար խմ գազի գինը 189 դոլար էր, հետո այդ գինը իջավ սկզբում մինչեւ 165 դոլարի, սակայն այդ տարբերությունը մնաց «Գազպրոմ Արմենիային»: Այսինքն դա թույլ չի տվել, որ մենք դրանից օգուտներ քաղենք: Իսկ երբ 165 դոլարն իջավ 150 դոլարի, դա թույլ տվեց, որ մենք սակագինը իջեցնենք: Մենք երկու անգամ ենք իջեցրել, սկզբում 1 խմ գազի 156 դրամ սակագինը իջել է 146 դրամի, հետո իջել է 139 դրամի: Այդ երկրորդ իջեցումը հետեւանք է նրա, որ սահմանին գազի գինը 165 դոլարից դարձել է 150 դոլար: Վերջին իջեցումը, որ եղել է Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ, երբ 150 դոլարը իջել է 135 դոլարի, բայց ըստ էության, դա թույլ չի տվել, որ մենք սակագին իջեցնենք, որովհետեւ դա նորից թողել են «Գազպրոմ Արմենիային»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կնքված պայմանագրերում կա նաեւ կարգավորում, որ եթե անգամ կորուստները հասցնես զրոյի, դա սակագնի վրա չի ազդում,ինչն անընդունելի է. «Կորուստների տոկոսը նախկինում 5,37 էր, հիմա 6,69 տոկոս է, ինչը եւս շատ զարմանալի է»: Մելքումյանը կոչ արեց այս խնդիրների վրա ուշադրություն դարձնել հետագա աշխատանքների ժամանակ: