Անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ստեղծում, այն չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, Հայսստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ ճիշտ հակառակը՝ ուղղված է լինելու հաշտեցմանը:


«Նախ պետք է արձանագրենք իրողությունները, արդարության գույքագրում կատարենք, դրանից հետո փակենք այդ էջը, որպեսզի շղթան ընդհատվի ու գնանք առաջ: Սա կոչված է լինելու ռեաբիլիտացիային եւ դրանից պետք չէի վախենալ»,-ասաց նա:

Զեյնալյանը նաեւ նշեց, որ անցումային արդարադատության ողջ կոնցեպցիան ի կատար ածելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն. «Այդ ուղղությամբ անցկացվում են խորհրդակցություններ, ժողովներ, որոնց մասնակցում են միջազգային փորձագետներ, կատարվում են ուսումնասիրություններ: Դեռ վաղաժամ է այդ կոնցեպցիան հանրությանը ներկայացնելը: Ես ներկայացրեցի հիմնական սկզբունքները»,-ասաց նա: