Հայկական դրամի թողարկման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը:
Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ սկզբնական շրջանում տերմինալները չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները՝ մինչև ծրագրային հարցը կլուծվի:
Եվրոներ թողարկող գերմանական ընկերության կողմից տպագրված նոր թղթադրամները հայկական շուկայում 3-4 անգամ ավելի երկար կծառայեն, քանի որ եռաշերտ են՝ բաղկացած թղթից և պոլիմերային նյութերի համակցությունից։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դրամատունը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի հենց այս օրն էլ ներկայացրեց նոր կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2 000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5 000-ը` Վիլյամ Սարոյանի, 10 000-ը` Կոմիտասի, 20 000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50 000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձաններից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:
1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը։