Հայտնի են դարձել ռուս նավաստիների անունները, որոնց հունվարի 2-ին գերեվարել են Գվինեյան ծոցում Բենինի ափին, հայտնում է Դաշնային լրատվական գործակալությունը:
Գործակալությանը հայտնի է դարձել, որ առեւանգվել են MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը եւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ազատագրելու բանակցությունները վարում է նավատերը: Միաժամանակ, իրավիճակը վերահսկողության տակ են պահում նաեւ ռուսաստանցի դիվանագետները:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի գիշերը Գվինեյան ծոցում Բենինի ափին հրազենով զինված մարդիկ բարձրացել են MSC Mandу կոնտեյներատար եւ 6 մարդու առեւանգել: Նախնական տեղեկություններով՝ նավում եղել է 20 ռուսաստանցի, Վրաստանի 2 քաղաքացի եւ 4 ուկրաինացի:
Ինչպես ավելի վաղ ասել էր Բենինում Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղար Դյաբին Ալբերտը, հարձակումից հետո MSC Mandy նավը հեռացել է Նիգերիայի ջրատարածք եւ հիմա գտնվում է Լագոսից 5 ծովային մղոն հեռավորությամբ: