Իշխանության գալուց հետո նախկին ընդդիմադիրները սկսել են շատ բուռն արձագանքել քննադատությանը: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մենկաբանելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ այդ պաշտոնում ՀՅԴ ներկայացուցչի երկարատեւ պաշտոնավարման ընթացքում ոլորտը վատ վիճակում է հայտնվել:

Նրա խոսքով՝ նախկին իշխանություններին քննադատելուց առաջ պետք է տեսնել, թե ինչ ենք իրենք կարողացել անել այս ամիսների ընթացքում:


«Իշխանությունները պետք է հանգիստ վերաբերվեն քննադատությանը եւ հաշվի առնեն այն: Իսկ արդարացումն ու անցյալի հետ համեմատությունը աննպատակահարմար է, քանի որ, եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ, ապա նրանք չէին գա իշխանության», - նշեց նա:

Հարցին՝ արդյոք կուսակցության ներկայացուցիչները պատրաստ են որեւէ նախարարական պորտֆել զբաղեցնելու առաջարկ ընդունել, Սաղաթելյանը վստահեցրեց, որ նրանք այլեւս իշխանության մաս չեն դառնա, եթե նրանց դիրքորոշումը որոշիչ նշանակություն չի ունենալու: