Կառավարության այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում, նիստին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է մի քանի հարյուր հազար շահառուների իրավունքների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխարգելելուն, տվյալ դեպքում, ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջին, այսինքն՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, ու հարկման նպատակով ակցիզային հարկի պարտավորությունը հաշվարկելու համար սահմանված ծավալով հաշվարկելու ներդաշնակեցումն է։
«Գազը պետք է վաճառվի քաշով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ Այս փոփոխությամբ այն ռիսկը, որ այսօր կարող է խտության որոշակի գործակից կիրառելով սպառողին հասցվող գազի ծավալը տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։ «Այդ տարբերությունը կապված է խտության հետ: Հիմա գազը լցնում են ըսն ճնշման: Այսինքն նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ: Որպեսզի այս խնդիրը մենք լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին ու կգ-ով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ գազի նկատմամբ ակցիզային հարկի ավելացում չկա։ «Հիմա հարց՝ կարո՞ղ է արդյոք այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ իրենք մինչեւ այս բոլոր սպառողներին խաբել են: Այնուամենայնիվ, եթե գազի գինը բարձրանա, սպառողը դրանից չի տուժում, որովհետեւ հիմա ինքը, վճարելով X գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պիտի ստանա: Մինչդեռ նախկինում ինքը X գումար վճարելով ենթադրում էր, որ պիտի ստանար X քանակությամբ գազ, բայց գործնականում ստանում էր X-Y քանակությամբ գազ»,- ասաց վարչապետ Փաշինյանն ու հավելեց. «Ես սա ասում եմ, որովհետեւ համոզված եմ, որ հեսա ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցներն էսօր մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումը, կառավարությունն էս արեց, էն արեց, все пропало, клиент уезжает, гипс снимают, եւ էս կարգի այլ բաներ: Էնպես որ` շատ կարեւոր է սա արձանագրել»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ահազանգեր է ստանում, որ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն չեն տալիս, եւ նշեց, որ այստեղ անելիք ունեն նաեւ քաղաքացիները: