Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկու օր է՝ մեր անաչառ լրատվականները մի հոդված են հրապարակել, որով, ի թիվս այլ հարցերի, բացահայտել են իմ կողմից կատարված մի խայտառակ հանցանք՝ ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ին գազալցակայան կառուցելու «թույլտվություն» տալը: Այդ լուրը մեծ խանդավառությամբ տարածում են մի քանի «ազնիվ հեղափոխականներ»՝ հընթացս փորձելով փրկել հեղափոխությունն իմ սատանայական ճիրաններից. այնքան են խորացել, որ անգամ ինձ 50% փայ են վերագրում այդ բիզնեսում:

Այսպես, հարկ եմ համարում իմ համաքաղաքացիներին ներկայացնել մի քանի պարզաբանում (երկար է ստացվելու, բայց խնդրանքս է, որ կարդաք).

. հողամասը, որի վրա պետք է իրականացվի նախագիծը, ձեռք է բերվել ոչ թե համայնքից, այլ մասնավորից,

. այս պահին նշված ԱՁ-ին տրվել է միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը դեռ շինթույլտվություն չէ. շինթույլտվություն կարող է տրվել նշված հողատարածքի կատեգորիան փոխելու դեպքում միայն,

. հողի կատեգորիան փոփոխությունն իրականացվում է համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, այնուհետև նոր համայնքի ավագանու որոշմամբ,

. հողի կատեգորիայի փոփոխության և հետագայում դրա վրա գազալցական կառուցելու համար անհրաժեշտ է առնվազն 4 պետական գերատեսչության, այդ թվում՝ նախարարությունների համաձայնություն (համայնքի դերն այս գործընթացում մեծ չէ),

. հողի կատեգորիայի փոփոխության դեպքում համայնքի բյուջե վճարվելու է շուրջ 14 միլիոն դրամ,

. գազալցակայան կառուցելու համար շինարարական թույլտվություն տրվելու է միայն այս ամբողջ գործընթացի ավարտից հետո, և քննարկվող նախագծի իրականացման դեպքում, բացի համայնքի բյուջե վճարվող վերը նշված 14 մլն դրամից, կատարվելու է մեծ ներդրում և քաղաքում ստեղծվելու է շուրջ 50 աշխատատեղ:

Ինչպես տեսնում եք, գազալցակայան կառուցելու թույլտվություն տալու համար երկար գործընթաց է անհրաժեշտ, որում ներգրավված են բազմաթիվ պետական գերատեսչություններ. համայնքի լիազորություններն այստեղ չնչին են: Բացի այդ, հատկապես համավարակի պատճառով առաջացած տնտեսական վիճակի պարագայում ողջունվում է ցանկացած ներդրում և համայնքի բյուջե վճարվող գումար:

Վերջում ավելացնեմ, որ մի քանի օր առաջ տվել եմ նաև գազալցակայան կառուցելու մեկ այլ թույլտվություն, բայց դե դրա մասին գրելը շահավետ չէ, քանի որ դրանում ինտրիգ չկա:

Նաև նշեմ, որ այս աղմուկը բարձրացնելու պատճառները մի քանիսի մոտ ևս պարզ են. գազալցակայան կառուցելու վաղեմի ցանկություն ունեն նրանց տերերը, պարզապես, քանի որ իրենց նախագծի դեպքում չեն պահպանվել անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը, այն մերժվել է:

Մեզ համար արտոնյալներ չկան, հովանովորյալներ չկան, այնպես որ, հատկապես այս տնտեսական պայմաններում, եթե ունեք նախագծեր ու գաղափարներ, որոնք չեն հակասում օրենքին, կարող եք առանց երկմտելու դիմել քաղաքապետարան և ստանալ մեր աջակցությունը:

Հ. Գ. Ինձ այդ ապագա գազալցակայանում 50% մասնաբաժին վերագրող գրառումները խորհուրդ եմ տալիս ջնջել, այլապես ստիպված կլինեմ դիմել իմ իրավունքների դատական պաշտպանության»: