Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ հետաքրքիր է, որ ոչ մի գրանտային ծրագիր անող հայտնի մայրաքաղաներից Սորոսի դրամաշնորհների դեմ սանձազերծված այս կեղտոտ քարոզարշավի մեջ լռում է, այն դեպքում, երբ այդ հիմնադրամից օգտվել են հազարավոր մարդիկ: Մեկ-մեկ մտածում եմ, որ այդ լռությամբ կամ ընդունում են, որ վատ գործ են արել, կամ ուղղակի այդ ծրագիրը ոչ մի համոզմունք, աշխարհայացք կամ սկզբունք չի էլ ունեցել, պարզապես փող են աշխատել: Մյունխենի կոնֆերանսներից մեկում խմբով 1 ժամ առանձին հանդիպում ունեցանք Սորոսի հետ, ով նույնպես կոնֆերանսի մասնակիցներից էր: Սորոսի կենսագրությունը լավ թե վատ ուսումնասիրել եմ, ոչ սուրբ է եղել, ոչ էլ կսրբացվի: Բայց նա բացառիկ մարդ է, ով ունի մոլորակի, հասարակության տեսլական ու ուզում է աշխարհն այդպիսին տեսնել: Իմ ու իր զրույցի հատվածը եղել է Չինաստանի մասին, որտեղ դիտվող միտումների ու ապագայի հետ կապված նա տեսակետներ էր հայտնել: Դատափետել Սորոսին, թե ինչու է նա ուզում իրականություն դարձնել իր տեսլականը, նույնն է, որ յուրքանչյուրիս դատափետենք, թե ինչու ենք Հայաստանն ու աշխարհն այս կամ այն կերպ ուզում տեսնել: Սորոսի հիմնադրամները աշխարհի բոլոր երկրներում գործել են գրանցված, օրինականության դաշտում: Այո, սորոսի հիմնադրամները գրանտային ծրագրեր տվել են թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ նաև պետական հաստատություններին: Այո, գրանտային ծրագրերի իրականացման դաշտում էլ եղել են ժուլիկներ, անսկզբունք մարդիկ, իշխանության հավելվածներ, որոնք վատնել են ծրագրերը, ոչ մի արդյունք չեն տվել, ինչպես որ պետական մակարդակում են եղել միջազգային դրամաշնորհներն ու պետական բյուջեն լափողներ: Բայց, ինքնին, դրամշնորհային ծրագիրը թշնամական դիվերսիա չէ, սիրելիներս: Այդ ծրագրերում, այո, մեկտեղված են լինում երկկողմ շահերը: Հիմա եթե ոմանք դրամշնորհ անելիս բացառապես առաջնորդվել են մյուս կողմի շահերով, թքած ունենալով Հայաստանի ու նրա հասարակության շահը, դա դեռ չի նշանակում, թե դոնոր կազմակերպությունները Հայաստանում փնտրում են հենց այդ տեսակ անողնաշարավոր տեսակ: Ես կամ մեր Ինստիտուտը Սորոսի ֆոնդերով ծրագիր չենք արել: Եթե արած էլ լինեի, չէի ամաչի, չէի թաքնվի, որովհետև խնդիրը քո մեջ է: Եթե սեփական երկրի դեմ սրիկայություն չես անում՝ ոչ քաղհասարակության մակարդակում, ոչ էլ պետական մակարդակում, եթե փողեր չես լափում երկու դաշտերում էլ, ամաչելու ոչինչ չունես: Մեր իսնտիտուտը, բացի սեփական ռեսուրսներով արտադրանք տալը, այս տարիներին նաև ունեցել, ունի և, վստահ եմ, դեռ ունենալու է համատեղ ծրագրեր հայտնի դոնորների հետ: Եթե տակդ կեղտ չկա, եթե այդ ծրագրից շահում են Հայաստանի գիտնականները, փորձագետները, քաղաքականություն մշակողները՝ այլընտրանքային վերլուծություններ կարդալով, երիտասարդությունը, որին օգնում ենք քաղաքագիտական ոչ ֆորմալ կրթության, նրանց առաջին քայլերն անելու՝ Հայաստանի ու այլ դերակատարների շահերը խորապես հասկանալու հարցերում, ապա ամաչելու բան չպետք է ունենալ: Այնպես որ՝ եթե քաղաքականության մեջ մեկը կամ մի քանիսը անբարոյական է, դա չի նշանակում, թե բոլորն անբարոյական են, եթե մեկը գրանտագող կամ բյուջեագող է, դա չի նշանակում, թե բոլորն են այդպիսին, և ի վերջո, դրամշնորհը մեր պետության համար եղել ու դեռ կմնա կարևոր հնարավորություն անելու այն, ինչի համար ներքին ռեսուրսները բավարար չեն»: