Հին հայերը Զատիկը համարել են անշարժ տոն: Այն համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ:

Ավելի ուշ, այն դարձել է շարժական տոն և այն տոնել են Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:


Հին հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը՝ ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվեր ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում:

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի` Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ:
Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Մեկ այլ ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա:

Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:

Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք:

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են կուտակել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, տունուտեղ են մաքրել, հանդերձները նորացրել:Մարդիկ հազար ու մի արարողությունների են դիմել` հիվանդություններից, ցավից, չոռից, կրծողներից, չար ոգիներից, երաշտից, կարկուտից, ջրհեղեղներից, հրդեհներից զերծ մնալու, տարին խերով անցկացնելու համար: Գուշակություններ են կատարել տարվա լավուվատի մասին, ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել: