Ժամեր առաջ տեղեկացանք որ մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։
Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող: Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։
Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։
Կարինե Աշուղյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը․
«Մարդու կենսագրությունը իր բառերի կենսագրությունն է՝ գործողության ու արարքի ձևակերպում և ուրեմն՝ ինքնին արարք ու գործողություն: Մենք մեր ասած, գրած կամ մտքում հնչած բառերն ենք ընդամենը: Մարդը և իր /ներքին/ խոսքը նույնական են:
Կեղծ կամ անկեղծ, մաքուր կամ պիղծ, բարդ կամ պարզ….Շատ կուզեի հավատալ, որ բոլոր բառարանների մեջ ծանրումեծ տեղավորված սև բառերը երբևէ կմոռացվեն, որովհետև այլևս կրող չեն ունենա և մարդու չեն բնորոշի:
Մեղքը, հանցանքն ու սխալը նախ մեղավոր, հանցավոր ու սխալ բառերի տեսքով են ծնվում:
Տեսնես՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Կայենի գլխում ծագեր «սպանել» բառը»: