«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում գերատեսչություններում տրվող պարգևավճարների մասին, որոնք պետական ապարատի աշխատակիցների շրջանում կուլիսային դժգոհությունների պատճառ են դարձել: Բանն այն է, որ գերատեսչություններում պարգևավճարները տրամադրվում են անհասկանալի սկզբունքով՝ ըստ «շեֆերի» նախասիրության և անհատական մոտեցման:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, առ այսօր չկա չափման հստակ մեխանիզմ, թե որ աշխատակցին ինչ չափի պարգևավճար է հասնում, որին չի հասնում:
Նախարարները, որպես կանոն, դրանք տրամադրում են աշխատակազմերի ղեկավարների հետ քննարկման արդյունքում, ինչը շատ աշխատակիցներ ուղղակի սուբյեկտիվ են գնահատում:
Ըստ էության, չի օգնում նաև փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգը: Ի դեպ, օրերս տեղեկություններ էինք ստացել, որ կառավարությունը հրաժարվել է այդ համակարգից: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «Mulberry» համակարգը գործում է, դրա աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի էլ եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: