Մոսկվայում բացահայտվել է  400 անդամ ունեցող խարդախների մեծ ավազակախումբ, որը զբաղվել  է երկրից ֆինանսական միջոցների արտահանմամբ,-այս մասին գրում է Փաստինֆոն:

5 տարվա ընթացքում փողերի անօրինական կանխիկացմանբ զբաղվող այդ խմբին հաջողվել է երկրից արտասահման փոխադրել 36 մլրդ ռուբլի:

Հայտնի է դարձել, որ խումբը ղեկավարել է  Մերձմոսկվայի Միտիշչ բնակավայրի 42-ամյա մի բնակիչ: Նրա հակօրինական գործունեության սխեմայում ներառվել են մի քանի առևտրային բանկեր և առևտրով զբաղվող մոտ 100 օտարերկրյա ընկերություններ:

«Կանխիկացման սխեման ստանդարտ է եղել: Հաճախորդներից դրամական միջոցները փոխանցվել են մեկ օրյա կյանք ունեցող ֆիրմաների հաշվեհամարներին, ապա ուղարկվել են Մերձբալթիկա և Կիպրոսի Հանրապետություն: Այնուհետև այդ դրամով ձեռք է բերվել անշարժ գույք»,-հաղորդում է «Life News»-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ի մամլո կենտրոն:

Ֆինանսական հանցագործների ծառայությունը գնահատվել է կանխիկացվող գումարի 2 տոկոսի չափով: Դա նրանց հնարավորություն է տվել վաստակել 575 մլն ռուբլի:

«Խմբի չեզոքացման գործողություններին մասնակցել են  300 ոստիկան և քննիչ: Ֆինանսական խմբավորմանը պատկանող գրասենյակներում և նրա անդամների բնակարաններում կատարվել է 85 խուզարկություն: Բռնագրավվել են մոտ 1 մլրդ ռուբլի և 500 տարբեր կնիքներ: Ձերբակալվել են  հանցախումբը  ղեկավարող 7 անձ», ամփոփել են ՆԳՆ-ում: