Մոսկվայում բացահայտվել է 400 անդամ ունեցող խարդախների մեծ ավազակախումբ, որը զբաղվել է երկրից ֆինանսական միջոցների արտահանմամբ,-այս մասին գրում է Փաստինֆոն:
5 տարվա ընթացքում փողերի անօրինական կանխիկացմանբ զբաղվող այդ խմբին հաջողվել է երկրից արտասահման փոխադրել 36 մլրդ ռուբլի:
Հայտնի է դարձել, որ խումբը ղեկավարել է Մերձմոսկվայի Միտիշչ բնակավայրի 42-ամյա մի բնակիչ: Նրա հակօրինական գործունեության սխեմայում ներառվել են մի քանի առևտրային բանկեր և առևտրով զբաղվող մոտ 100 օտարերկրյա ընկերություններ:
«Կանխիկացման սխեման ստանդարտ է եղել: Հաճախորդներից դրամական միջոցները փոխանցվել են մեկ օրյա կյանք ունեցող ֆիրմաների հաշվեհամարներին, ապա ուղարկվել են Մերձբալթիկա և Կիպրոսի Հանրապետություն: Այնուհետև այդ դրամով ձեռք է բերվել անշարժ գույք»,-հաղորդում է «Life News»-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ի մամլո կենտրոն:
Ֆինանսական հանցագործների ծառայությունը գնահատվել է կանխիկացվող գումարի 2 տոկոսի չափով: Դա նրանց հնարավորություն է տվել վաստակել 575 մլն ռուբլի:
«Խմբի չեզոքացման գործողություններին մասնակցել են 300 ոստիկան և քննիչ: Ֆինանսական խմբավորմանը պատկանող գրասենյակներում և նրա անդամների բնակարաններում կատարվել է 85 խուզարկություն: Բռնագրավվել են մոտ 1 մլրդ ռուբլի և 500 տարբեր կնիքներ: Ձերբակալվել են հանցախումբը ղեկավարող 7 անձ», ամփոփել են ՆԳՆ-ում: