Հայաստանի Զինված ուժերը ռազմավարական նշանակության օբյեկտներ են վերցրել իրենց վերահսկողության տակ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ հայկական զինուժը Տավուշի հյուսիսային հատվածում զբաղեցրել է նոր բնագիծ՝ վերահսկողության տակ վերցնելով Վրաստանից Հայաստան մտնող գազատարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։

Ավելի վաղ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ Զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած բարձր դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին, թիրախային գոտում են նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

Տեւական ժամանակ է ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում իրենց սահմանապահ զորքերի «նվաճումների» մասին: Սակայն այս տեղեկություններն արդեն տարակուսանք են առաջացնում Ադրբեջանում, քանի որ պարզվում է՝ ադրբեջանական զորքերը տեղաշարժվում են իրենց տարածքում:

Այս տեղեկություններին արձագանքել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ասելով, որ «ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»:

Միեւնույն ժամանակ, նա ասել էր, որ հայկական կողմը չի բարձրաձայնում այս մասին, բայց եթե Բաքուն շարունակի իր ապատեղեկատվությունը, հայկական կողմը կարող է տեղեկություններ հրապարակել, որոնք տհաճություն կպատճառեն նրան:

Իր հերթին, Արծրուն Հովհաննիսյանը հայկական ԶԼՄ-ներին կոչ է արել կուլ չտալ Բաքվի քարոզչական խայծերը եւ այդպիսով չլծվել այդ քարոզչությանը, ինչն իսկապես խնդիր է, հատկապես առցանց ԶԼՄ-ներում: Նա ասել է, որ հայկական կողմը չի բարձրաձայնում իր նվաճումների մասին՝ զինվորականներին հարվածի տակ չդնելու համար:

Շփման գծում ինժեներական աշխատանքները մշտական գործընթաց է, որը հատկապես ինտեսիվացել է Դուշանբեի պայմանավորվածություններից հետո: Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ բանակը փոխարինել է սահմանապահ զորքով, իր հերթին այստեղ հերթապահություն են իրականացնում Հայաստանի ներքին զորքերը: Նման է նրան, որ ինչ որ առումով տեղի է ունենում սահմանի «դեմարկացիա», եւ հայկական կողմը հաջողությամբ իրականացնում է գերադասելի դիրքեր դուրս գալու գործընթացը:

Արթուր Եղիազարյանի տեղեկություններով, ադրբեջանական զորքը փոքր տարածք է զավթել Վրաստանից, ինչը մեծ աղմուկ է առաջացրել վրացական մամուլում: