«WCIT 2019»-ի կազմակերպիչներն այսօր հայտարարեցին, որ ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ և պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝ Հայաստանում, հոկտեմբերի 6-9-ին։

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին: «Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության և նոր բիզնես մոդելների համար:

«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետև բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների խոշորագույն մատակարար «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ հայտնել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին:

Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում և «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:

Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն «KKW BEAUTY» և «KKW Fregrance» հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։

 

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։