«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւազգեստ մայրեր-կառավարություն սագան շարունակվում է նոր թափով. օրերս կրկին հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում․ «Զինվոր» ՀԿ կառույցները համակարգող Մարգարիտա Խաչատրյանի (Մառոզ) եւ «Ինձ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանի հետ հանդիպել է վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանը։ Ներկա է եղել նաեւ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Զրույցը կրկին «կառուցողական հուն չի մտել»՝ կանայք պնդել են իրենց պահանջը` 30 միլիոն դրամի միանվագ փոխհատուցում տալ զոհվածների եւ սահմանին հաշմանդամ դարձածների հարազատներին՝ որպես հավասարության նշան Մարտի 1-ի զոհերի հետ: Իրենց ասել են` դուք շատ եք (մոտ 600 ընտանիք), առաջարկ է եղել փուլային տարբերակով լուծել հարցը`1000 դրամների հիմնադրամից:

Մարգարիտա Խաչատրյանն ասել է` «նման «հաշվապահություն» չի կարող լինել, այդ դեպքում հարցը վերջնական կլուծվի 10-11 տարի հետո, այլընտրանքային մոտեցում որդեգրեք՝ այս տարվա բյուջեի մուտքերը թույլ են տալիս դա:

Սուրեն Ղամբարյանը, որպես այլընտրանք, առաջարկել է սկզբի համար ֆիքսել ակտիվ բողոքավորներին, վճարել, մնացյալին գրաֆիկով վճարել, կանայք չեն համաձայնել: Ղամբարյանը խնդրել է 10-15 օր ժամանակ, ծնողները չեն համաձայնել եւ պատրաստվում են բողոքի ակցիաների` կառավարության առաջիկա նիստի ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում