Համացանցի հայկական տիրույթում հայտնված տեսանյութը շատերի զգացմունքներ է շարժել, ստիպել խորհել էլ ավելի տպավորիչ անակնկալների մասին։

Ինչ չեն անի սիրող սրտերը հանուն մեկմեկու։ Վերջերս Երևանում բնակվող պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանը խիստ օրիգինալ անակնկալ է մատուցել իր սիրելի աղջկան` երաժիշտ Էլեն Սահակյանին։

Թեպետ առաջին հայացքից դժվար է այն անակնկալ անվանել, որովհետև աղջկան սկզբում վախեցրել են` բեմականացնելով նրա սիրելիին ձերբակալելու տեսարանը։

Հավանաբար, վիրաբույժը նախ ուզում էր ստուգել Էլենի սիրո չափն ու տեսներ իր բացակայության ազդեցությունը նրա վրա։

Համացանցում տարածվող տեսանյութում երևում է, թե դիմակավորված «ԱԱԾ աշխատակիցները» ինչպես են փորձում «ձերբակալել» երիտասարդներին։ Պատճառը նրա մեքենայից հայտնաբերված կասկածելի փաթեթավորված նյութն է, որն առաջին հայացքից թմրանյութ է հիշեցնում։

Էլենն անզորությունից սկսում է լաց լինել, գրկել սիրելիին, մինչ «ԱԱԾ աշխատակիցները» կտանեն նրան։

Իսկ Արթուրը սիրելիի և մյուսների աչքի առաջ պատռում է կասկածելի փաթեթը, որտեղից նախ սպիտակ փոշիանման նյութ է թափվում, ապա ամուսնության առաջարկի մատանին։

 Անակնկալի եկած աղջիկն ավելի է հուզվում, իսկ «ԱԱԾ աշխատակից» ընկերները ծափահարում են։

Մատանի նվիրելուց առաջ աղջկան այսքան վախեցնելու և իր մեղքը քավելու համար սիրահարված Արթուրը նրան ուղղաթիռով զբոսանքի է հրավիրում։ Ինչ չեն անի սիրահարված սրտերը...

Տեսանյութը շատ է դուր եկել սոցցանցի օգտատերերին, նրանք շնորհավորել են սիրող զույգին ու բարեմաղթանքներ հղել։