COVID-19-ից բուժված 60-ամյա բրիտանացի բժիշկ Քլեր Հերադան Daily Mail-ին պատմել է հիվանդության ախտանիշների մասին, փոխանցում է «Ռիա Նովոստին»:

Ըստ բժշկի, Նյու Յորքում վարակվել է կորոնավիրուսով, բայց տուն դառնալուն պես հիվանդության նշանները ի հայտ են եկել: Կինը կիրակի թռել է Բրիտանիա, երկուշաբթի աշխատանքի գնացել, իսկ երեքշաբթի առավոտյան իրեն հոգնած է զգացել:

«Առավոտը սկսվեց չոր հազով: Դրանից առաջ հազը բավական թեթև էր, և կարծում էի, որ դա երկար թռիչքի պատճառով էր», – բացատրեց նա:

Դրանից հետո բժիշկը կոկորդում խիստ չորություն է զգացել, ինչը վերածվել է ցավի:

«Ասես ինչ-որ մեկը դանակ էր խրել կոկորդս», – ավելացրեց Հերադան:

Այնուհետև, նրա ջերմությունը բարձրացել ու դողէրոցք է սկսվել։

«Ես հասկացա, որ սա կորոնավիրուս է, քանի որ երբեք շատ չեմ հիվանդացել, իսկ գրիպի սեզոնը ավարտվել է», – ասաց նա:

Հերադան թեստ հանձնեց ու որոշեց մեկուսանալ:

Նրա վիճակը սրընթաց վատացել է. մի քանի ժամ անց կինը կորցրել է ախորժակը, բոլոր կերակուրները մետաղական համ են ստացել։ Նա սնվել է ստիպողաբար, իսկ կոկորդի չորության պատճառով թեյի փոխարեն կիտրոնաջուր է խմել: Մեկ այլ ախտանիշ, որ նշել է Հերադան, եղել են քթի խոցերը: Նա ենթադրում էր, որ կոկորդը նույնպես խոցերով է պատված եղել։

Բժիշկն ավելացրեց, որ միայն ցանկացել է քնել: Ըստ նրա՝ կյանքում երբեք այդքան վատ չի եղել:

«Ես ուզում էի վիդեո օրագիր պահել, բայց նույնիսկ հեռախոսը վերցնելը չափազանց բարդ էր թվում»,- ասաց կինը:

Ջերմությունը իջեցնելու համար նա օրական երեք անգամ պարացետամոլի երկու հաբ է կուլ տվել: Ուրբաթ օրը թեստի արդյունքները հաստատել են COVID-19-ը: Այդ ժամանակ արդեն Հերադան իրեն ավելի լավ էր զգում. ջերմությունն իջել էր, հազը դադարել:

Շաբաթ օրը ախորժակը վերականգնվեց: Մինչև երկուշաբթի զգաց, որ ապաքինվել է, բայց որոշեց շարունակել մեկուսացումը մինչև շաբաթվա վերջ, ինչպես բժիշկներն են որոշել:

Հերադան վստահ է, որ կորոնավիրուսով վարակվածների ճնշող մեծամասնությունը կկարողանա առողջանալ: Նա նշեց, որ առողջական խնդիրներ չունի, մինչդեռ կորոնավիրուսի բազմաթիվ զոհեր տառապում էին տարբեր հիվանդություններից: