Պեկինի բժշկական կենտրոնի գիտնականների խումբը անցկացրել է հետազոտություն և պարզել, որ COVID-19-ով հիվանդացածների կեսի մոտ վիրուսը օրգանիզմում պահպանվում է մեկից ութ օր ախտանշանների անհետացումից հետո: Տվյալները հրապարակվել են ATSJournals ամսագրում:

Գիտնականները վերլուծության են ենթարկել Պեկինի հիվանդանոցների 16 պացիենտների տվյալները, որոնք բուժում են անցել հունվարի 28-ից փետրվարի 9-ը: Նրանց միջին տարիքը կազմել է 35,5 տարեկան:

«Շատ ավելի հատկանշական է հետազոտության արդյունքը առ այն, որ պացիենտների կեսը շարունակել է անջատել վիրուս ախտանշանների վերացումից հետո»,- հետազոտության հեղինակներից մեկի` դոկտոր Լոկեշ Շարմի խոսքերն է մեջբերում MedicalXpress ամսագիրը:

Այդ փուլը, ինչպես նշվում է, տևում է մեկից ութ օր: Հետազոտության ևս մեկ հեղինակ` Լիկսին Սեն, խորհուրդ է տալիս առողջանալուց հետո ևս 1-2 շաբաթ շարունակել կարանտինը:

Հետազոտության մեջ նաև ասվում է, թե պարզ չէ` դրա արդյունքները վերաբերո՞ւմ են նաև տարեց պացիենտներին, որոնց իմունային համակարգը ավելի թույլ է: Գիտնականները չեն բացառում, որ նրանց օրգանիզմում վիրուսն ավելի երկար է պահպանվում: