Այսօր հայտնել էինք, որ երեկ կորոնավիրուսից մшհացածներից մեկը 62 տարեկան տղամարդ էր։ Նա Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ էր: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։

«Հարազատների հետ խոսել եմ, ինքս էլ ճանաչում եմ նրան. ակտիվ և աշխույժ տղամարդ էր։ Հարազատներն ասում են, որ մինչ այս առողջական որևէ գանգատ չի ունեցել։ Որոշ ժամանակ առաջ նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նա բուժում էր ստանում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` վիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տղամարդու վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են Երևան` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Տղամարդու մոտ սրտի վիրահատության խնդիր է առաջացել և 7-10 օր առաջ նրան ստենդավորել են` փորձելով փրկել կյանքը։ Սակայն, ցավոք, տղամարդը մшհացել է։

Գևորգյանը հայտնեց նաև, որ մшհացած տղամարդը գործարար էր, համայնքում ուներ ավտոպահեստամասերի և գյուղատնտեսական ապրանքների վաճառակետեր։

Մարալիկի առողջապահական կենտրոնի տնօրեն Անուշիկ Հովսեփյանն էլ հայտնեց, որ մահացած տղամարդն այցելել է իրենց ԲԿ, դեղորայք ստանալու համար դեղատոմս ձեռք բերել։

«Նա ինձ մոտ էլ է մտել, որ կնքեմ դեղատոմսը։ Նրան տեղափոխել էին Երևան, որտեղ նաև սիրտը վիրահատեցին, հետո երիկամները սկսեց չգործել, ինչի հետևանքով էլ կորցրինք մեր հիվանդին»,–ասաց Հովսեփյանը։