2020 թվականին ոչ մի տարածաշրջան չի կարողանա հասնել կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետ ձեւավորելուն։ Նման եզրակացության են եկել գիտնականները, վերլուծելով SARS-CoV-2-ի տարածման վիճակագրական տվյալները։

Մասնագետներն ուշադրության են հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի երկրում վարակման տարածումը չի գերազանցում բնակչության 2-4 տոկոսը, այն դեպքում, երբ կոլեկտիվ կամ հավաքական իմունիտետի ձեւավորման համար անհրաժեշտ է, որ բնակչության 70 տոկոսը կամ հիվանդանա եւ ապաքինվի, կամ պատվաստվի։ Այսպես, ներկայումս, օրինակ Միացյալ Նահանգներում վարակակիր է 1,25 միլիոն մարդ, այն դեպքում, երբ հավաքական իմունիտետի ձեւավորման համար, անհրաժեշտ է, որ ԱՄՆ 328 միլիոն բնակչությունից 200 միլիոնը վարակված եւ հաղթահարած լինի հիվանդությունը։ Միաժամանակ, այժմ կարելի է ասել, որ կորոնավիրուսից մահացել է Նյու-Յորքի ամեն 500-րդ բնակիչը։

Ըստ գիտնականների հաշվարկների, եթե օրական 25 հազար վարակման նոր դեպքերի տեմպով շարունակվի կորոնավիրուսի տարածումը, ապա առանց պատվաստման, հավաքական իմունիտետի ձեւավորման ԱՄՆ-ն կհասնի միայն 2021 թվականին, տալով ավելի քան 500 հազար զոհ կորոնավիրուսից։