«Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Մաշա Մնջոյանը, որն այժմ մասնակցում է «Ավստրալիայի ձայնը» նախագծին, հաղթանակ է տարել մրցույթի PlayOff փուլում:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Մնջոյանը կատարել է Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը: Մաշան այն սկսել է հայերենով՝ զարմացնելով բազմաթիվ ունկնդիրների:

Նույն երգը կատարել է մրցույթի մասնակիցներից Էլայզան, սակայն մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվել է Մաշային՝ նրան հնարավորություն ընձեռելով հանդես գալ մրցույթի հաջորդ փուլում:

Մաշա Մնջոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ հրաշալի էր մայրենի լեզվով երգել բազմամշակութային երկրում՝ Ավստրալիայում: Նա ընդգծել է, որ իր համար անմոռանալի փորձ էր հանրահայտ ստեղծագործությունը ներկայացնել Էլայզայի հետ: Մնջոյանը շնորհակալություն է հայտնել Բոյ Ջորջին իրեն սատարելու համար:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself և Արետա Ֆրանկլինի Respect ստեղծագործությունները: