Մեծ Բրիտանիայի գիտնականները կորոնավիրուսի դեմ աղիքային մանրէներից պատրաստված նոր հավանական դեղամիջոց են փորձարկում։ The Daily Mail-ը հայտնում է, որ արդեն մեկնարկել են MRx-4DP0004 կոդային անվանումով դեղամիջոցի կլինիկական փորձարկումները:

Գաղափարն այն է, որ օգտակար մանրէները կօգնեն նվազեցնել բորբոքման հետեւանքով առաջացած թոքերի վնասվածքի աստիճանը:

Ինչպես հայտնի է, վարակը կարող է հանգեցնել բարդությունների, եթե մարդու իմունային համակարգը չափազանց սուր է արձագանքում կորոնավիրուսին եւ սկսում է վնասել տիրոջ օրգանիզմը: Գիտնականները հուսով են, որ պրոբիոտիկ միջոցը կկանգնեցնի այս պաթոլոգիական գործընթացը՝ առանց թուլացնելու իմունային արձագանքը, որն անհրաժեշտ է վիրուսային վարակը վերացնելու համար:

Եթե դեղամիջոցն արդյունավետ լինի, գիտնականները նախատեսում են այն տալ պացիենտներին՝ մինչ նրանց մոտ շնչառական խնդիրներ կառաջանան, ինչը թույլ կտա նվազեցնել հոսպիտալացումների թիվը: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը իջեցրել է իմունային բջիջների մակարդակը, որոնք, ինչպես համարվում է, COVID-19 կորոնավիրուսային վարակով պացիենտների մոտ թոքաբորբի եւ թոքերի վնասման հիմնական պատճառ են հանդիսանում:

Կլինիկական հետազոտությունների շրջանակներում 90 պացիենտների երկու երրորդը երկու շաբաթվա ընթացքում դեղամիջոցը կստանա երկու անգամ, իսկ մնացած մեկ երրորդը պլացեբո կստանա: Այնուհետեւ կկատարվեն ամենօրյա ստուգումներ՝ կամավորների ինքնազգացողության մոնիթորինգի համար:

Ասթմայով հիվանդների հետ նախկինում կատարված փորձերը ցույց են տվել, որ դեղամիջոցն անվնաս է, այդ պատճառով եթե դրա արդյունավետությունը ապացուցվի, այն կարող են բավական արագ հաստատել՝ COVID-19-ի բուժման մեջ կիրառելու համար։