Շոգ եղանակին ռուսաստանցիների մեծ մասը բախվում է առատ քրտնարտադրության խնդրին: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում դրանով զբաղվելու մեթոդները թվարկել է մաշկավեներոլոգ Յուլիա Նագայցևան:

Քրտնարտադրությունը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որը մեր օրգանիզմը փրկում է գերտաքացումից: Որպեսզի ուժեղ հոտը ոչ ձեզ, ոչ էլ ձեր շրջապատին չանհանգստացնի, անհրաժեշտ է պահպանել հիգիենայիբոլոր անհրաժեշտ կանոնները, ընդգծել է բժիշկը:

«Հիգիենայի հետ կապված միջոցառումները միշտ առաջին տեղում են. առավոտյան ցնցուղ, երեկոյան ցնցուղ: Թևատակերն ավելի լավ է մշակել օճառով, ցնցուղի գելով, որպեսզի մաշկի մակերեսին բնակվող մանրէները հեռացվեն», – բացատրել է Նագայցևան:

Նա խորհուրդ է տալիս երեկոյան ցնցուղ ընդունելուց հետո օգտագործել հակաքրտինքային միջոց, որը արգելափակում է քրտնագեղձերի աշխատանքը և նվազեցնում քրտնարտադրությունը դրա բաղադրության մեջ պարունակվող ալյումինի քլորիդի շնորհիվ: Իսկ առավոտյան օգտագործեք հոտազերծող միջոց:

Ոտքերի քրտնարտադրությունը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս կրել բնական կաշվե կոշիկներ և բնական գործվածքներից պատրաստված գուլպաներ, ինչպես նաև օգտագործել հատուկ միջոցներ:

«Կան նաև հատուկ միջոցներ, որոնք վաճառվում են դեղատներում. դրանք պարունակում են ալյումինի քլորիդ: Դուք կարող եք երեկոյան մշակել ոտքերը և ձեռքերի ափերը, ինչը նվազեցնում է քրտնագեղձերի գործունեությունը, քրտինքն ավելի քիչ կլինի», – ասել է Նագայցևան:

Պետք է նաև ուշադրություն դարձնել ձսննդակարգին և խուսափել, օրինակ, քրտնարտադրությունն ավելացնող համեմունքներից կամ ալկոհոլից: Կարևոր է նաև, թե ինչպիսի հագուստ եք հագնում, ասել է բժիշկը:

«Ուշադրություն դարձրեք հագուստին. սինթետիկ գործվածքներն ավելի ակտիվ քրտնարտադրություն են առաջացնում, նախապատվությունը պետք է տալ ավելի բնական գործվածքներին», – խորհուրդ է տվել Նագայցևան:

Բայց եթե ավելորդ քրտնարտադրությունը ձեզ շատ երկար անհանգստացնում է, դուք պետք է դիմեք բժշկի, քանի որ դա կարող է լինել հիվանդության դրսևորում, ասում է նա: