Future Lover երգը, որով երգչուհի Բրյունետը ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում, մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հատել է 1 միլիոն դիտումի սահմանը։ Երգը թողարկվել էր մարտի 15-ին, եւ այս պահին այն ամենադիտվածներից է։ Եվրոպացի երկրպագուները չեն դադարում նաեւ իրենց հիացմունքն ու հետաքրքրությունը հայտնել մեկնաբանությունների բաժնում։ Նրանք դրական են արտահայտվում Future Lover երգի հասցեին․ շատերը կարծում են, որ այս երգով Բրյունետը մեծ շանսեր ունի մրցույթը բերելու Հայաստան։

Որոշ երկրպագուների կարծիքով վերջին տարիներին Հայաստանը «Եվրատեսիլ»-ում հաղթելու ավելի լուրջ հայտեր է ներկայացնում։ Ոմանք նշում են, որ Բրյունետի երգը տարբերվում է մյուս մասնակիցների երգերից, իսկ ամենից տպավորիչը համարում են երգի հայերեն հատվածը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում։ Մրցութը հյուրընկալել է Լիվերպուլ քաղաքը։ Համերգները տեղի են ունենալու մայիսի 9-ին, 11-ին ու 13-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 11-ին՝ առաջին հատվածում։