Մայիսի 9-ը ողջ հայությունը նշում է որպես Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Շուշիի ազատագրումը Արցախյան հերոսամատրում, կարելի է ասել, առաջին ամենամեծ ձեռքբերումն էր, ինչը էլ ավելի մեծ թափ հաղորդեց մեր արդար պայքարին։ Բերդաքաղաքն այդ օրերին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող ամենամեծ կրակակետի: 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասան Քյոսալարից, Ղայբալուից, Կարագյավից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, ինչի հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ, ավերվել 370 բնակելի տուն և շինություն:

Ինքնապաշտպանության ուժերի` 1991թ. վերջի և 1992թ. սկզբի հաջող գործողությունները՝ Խոջալուի ազատագրումը (25-26 փետրվարի 1992թ.) և օդանավակայանի բացումը ստեղծեցին բոլոր նախադրյալները Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար: Եվ ահա մարտ-ապրիլ ամիսներին մշակված հատուկ պլանի շնորհիվ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, հայկական ուժերը կարողանում են փառքով ազատագրել լեռնաքաղաք Շուշին։ ԻՊՈՒ-ի ավելի քան 1200 մարտիկներից կազմված չորս ուղղություններով հարձակվողական և մեկ պահեստազորային կետերը մայիսի 8-ի գիշերը անցնում են միաժամանակյա հարձակման, որի արդյունքում գործողությունը պսակվում է հաջողությամբ, և թշնամին հեռանում է բերդաքաղաքից: Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի։

Իսկ ահա սկսած 2000 թվականից՝ Շուշիի ազատագրման նախօրեն դարձավ խորհրդանշական Երկրպահ կամավորականների միության մարտիկների համար, և այդ օրը տոնացույցում ընդգծվեց որպես պետականորեն նշվող տոն՝ Երկրապահի օր։
Տոնի նախօրեին, ինչպես Հայաստանում, այնպես էլ այն պետություններում, որտեղ գործում են ԵԿՄ ներկայացուցչություններ, տեղի ունեցան տոնական միջոցառումներ, հանդիպում-քննարկումներ, մատուցվեցին սուրբ պատարագներ։ Հավելենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ՝ Մայր տաճարում, ինչպես նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում ևս նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ:
Տոնական արարողություններից անմասն չէր նաև Երկրապահ կամավորականների միություն Մոսկվայի ներկայացուցչությունը՝ ղեկավար Նելսոն Մարգարյան, ովքեր այդ օրը Մոսկվայի հայ առաքելական եկեղեցում մասնակիցը եղան Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ արքեպիկոպոս Սրբազան Եզրաս Ներսիսյանի կողմից մատուցված հիշատակման սուրբ պատարագին՝ Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, որին ներկա էր նաև YerevanNews.am- ի թղթակիցը։ Խոսելով հերոսամարտի մասին՝ Սրբազանը մասնավորապես իր խոսքում նշեց․ «Հայ ժողովրդի նման քաջարի որդիների շնորհիվ մենք՝ հայերս, հաստատեցինք այն միտքը, որ իրավունք ունենք ապրելու ազատ, անկախ ու խաղաղ մեր հայրենիքում։ Եւ այսօր բոլորս աղոթում ենք, որ նախնիներից ժառանգած հերոսական ոգին մեր ժողովրդին երբեք չլքի, ու թող այսուհետ ևս հավատը մեզ զորավիգ լինի՝ մեր բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում։
Արարողությանը ներկա էին ՌԴ-ի մյուս քաղաքներում գործող ԵԿՄ ներկայացուչությունների անդամներ, ազատամարտիկներ, ՌԴ-ում «Ջավախահայություն Սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի խոսքով և այլք։

Տոնը բոլորինս է՝ նամանավանդ կռված տղաներինը, և ամեն անգամ պատեհ առիթով հավաքվելիս, ես և հերոսամարտին մասնակցած բոլոր տղաները լցվում ենք մի նոր ոգով, ոգի՝ պայքարի, ոգի՝ հաղթանակի, ինչպես կուզեք, անվանեք, ու այս պահին, նայելով նրանց, մտաբերում եմ բոլորին՝ ապրողներին ու զոհվածներին, ում հետ պատիվ ենք ունեցել կողք կողքի մարտնչելու՝ Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան, Աշոտ Ղուլյան, Արկադի Տեր-Թադևոսյան և ուրիշներ, քաջ զորավարներ, որոնց ռազմավարական հմուտ քայլերի շնորհիվ ահա ունենք այս հաղթանակը։ Փա՛ռք ու պատիվ բոլորին ու թող ազատության դրոշը միշտ ծածանվի մեր հայրենիքում,-նշեց ԵԿՄ Մոսկվայի ներկայացուչության ղեկավար Ն․ Մարգարյանը։
ՌԴ-ում « Ջավախահայություն Սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի խոսքով՝ «Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի համար ունեցավ շատ մեծ նշանակություն՝ ռազմավարական, հոգեբանական և պատմական արդարության առումերով։ Արդեն երկու տասնամյակ է, ինչ նշում ենք այս հաղթանակը և այն մեզ պարգևեցին մեր մարտիկները, որոնցից շատերը այսօր, ցավոք, մեր կողքին չեն, տղաներ, ովքեր անտեսելով մահը, գնացին ճակատ ու մարտնչեցին մինչև վերջին շունչը» ։
Իսկ օրվա ավարտին մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին․ տեղի ունեցավ մոմավառություն և հուշակոթողին դրվեցին ծաղիկներ՝ ի նշան զոհվածների հիշատակի։

Աննա Ալեքսանյան
Մոսկվա