Անցած շաբաթը հայկական շոու բիզնեսում աղմկոտ էր: Անակնկալ երկու ամուսնությունները ցանկալի փեսացուների շարքից հանեցին հայ հայտնի տղամարդկանցից երկուսին՝ երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծից առավել հայտնի դարձած Մարտ Բաբայանին և սերիալներից հայտնի ու սիրված դերասան Գևորգ Գրիգորյանին: Երկու ամուսնությունների դեպքում էլ լրատվամիջոցներն իմացել են տեղի ունեցածի մասին պոստ-ֆակտում: Նույնքան աղմկոտ, բայց այս անգամ արդեն ափսոսանքով համացանցն արձագանքեց Ինգրիդ Կոկչյանի ամուսնալուծությանն ու Քրիստինա Կույումչյան և Վարուժան Մարգարյան զույգի բաժանմանը:

Aysor.am կայքը դերասան Գևորգ Գրիգորյանի և նրա ընտրյալի սիրո պատմությունն այսպես է ներկայացրել. «Դերասանի ընտրյալը լուսանկարիչ Յուլիա Կուրոչկինան է, ում հետ ծանոթացել են երկու ամիս առաջ Երևանում: Նա ռուսի, ուկրաինացու և գնչուի խառնուրդ է: Հայաստան էր եկել հանգստանալու և տեսարժան վայրերը նկարելու: Գևորգի և Յուլիայի սերն առաջին հայացքից է ծագել: Հանդիպել են 3 օր, որից հետո լուսանկարչուհին մեկնել է Մոսկվա: Հայ դերասանն էլ հենց նույն օրը տոմս է գնել ու գնացել նրա ետևից: «Երեք օր անց՝ ծննդյանս օրը, նրան ամուսնության առաջարկություն արեցի: Անգիտակից ժպիտով, կիսաձայն՝ դրական պատասխան տվեց»:

Իսկ ահա Մարտ Բաբայանի ամուսնության մասին հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ երգիչը սոցիալական կայքերում փոխեց իր կարգավիճակը՝ «ամուսնացած»: NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում երգչի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը այսպես է մեկնաբանել երգչի ամուսնությունը. «Մարտն ու Էլենն ամուսնացել են զագսով: Դեռ հարսանիք չի եղել, բայց առաջիկայում հարսանեկան արարողություն էլ կլինի»: Կայքը նշել է նաև, որ Էլեն Ամյանը մասնագիտությամբ արվեստաբան է։ Նա արդեն Instagram-ում փոխել է ազգանունը՝ դառնալով Բաբայան:

Իսկ ահա ռեժիսոր, դերասանուհի ու հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի երկրորդ ամուսնալուծության լուրերն իսկական սառը ցնցուղ էին Վարդավառին ընդառաջ: Թեև Ինգրիդը ո՛չ հերքել ու ո՛չ է հաստատել է այս լուրը, սակայն փաստն անհերքելի է՝ Ինգրիդն իր սոցէջում փոխել է կարգավիճակն ու նշել է, որ իր և Արմեն Մկրտչյանի հարաբերություններն ավարտվել են: Ավելին՝ Ինգրիդը հանգստյան օրերին նոր կարգավիճակ է հաստատել իր ֆեյսբուքյան էջում՝ «հանդիպում է»: Նոր ընտրայլ արդեն ունի Ինգրիդը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: Նշենք, որ նախկին երկու ամուսնություններից Ինգրիդն արդեն ունի երկու երեխա՝ տղա ու աղջիկ:

Իսկ ահա «Կայարան» սերիալից հայտնի Վարուժան-Քրիստինա զույգի բաժանության լուրերը խորը հիասթափություն պատճառեցին սերիալի երկրպագուներին: Ճիշտ է, Քրիստինան ու Վարուժանը պաշտոնական հարաբերությունների մեջ չէին, նրանք անգամ նշանված չէին: Սակայն այն, որ զույգն արդեն 5 տարի է՝ միասին է, սերիալի երկրպագուներին առանձնակի համակրանք էր ներշնչում դերասանների նկատմամբ: Չնայած այս ամենին՝ զույգի երկրպագուները հավատում են, որ նրանք դեռ միանալու են: Հուսանք՝ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի: