Այս պատմությունը սկսվեց նրանից, որ ոմն ոսկրաբույժ բժիշկ հիվանդացավ ենթաստամոքսյին գեղձի քաղցկեղով։ Նրան ախտորոշել էր երկրի լավագույն վիրաբույժներից մեկը․ վերջինս ոսկրաբույժին առաջարկեց կյանքը երեք անգամ երկարացնող բուժում։

Միևնույն ժամանակ կյանքի որակն այնքան էլ լավ չէր լինելու։
Ոսկրաբույժը հաջորդ օրն իսկ դուրս գրվեց հիվանդանոցից, դադարեցրեց իր բժշկական գործունեությունն ու այլևս ոչ մի անգամ հիվանդանոց ոտք չդրեց։ Մնացյալ ժամանակը նա հատկացրեց ընտանիքին՝ հարազատներին ու մերձավորներին։ Եվ դրանից երեք ամիս անց հարազատների աչքի առաջ հոգին ավանդեց։ Բժիշկներն էլ են մեռնում։

Սովորաբար դրա մասին չեն խոսում։ Ընդունված չէ։ Բայց, ի տարբերություն «սովորական մահկանացուների», բժիշկները հազվադեպ են դիմում բժշկական օգնության։ Նրանք կյանքից հեռանում են առանց դիմադրության, թեև տիրապետում են բոլոր թույլատրելի միջոցներին

։ Ոչ ոք չի ուզում մեռնել, բայց բժիշկներին հայտնի են ժամանակակից բժշկության հնարավորության իրական սահմանները։ Ամեն մի բժիշկ ուզում է վստահ լինել, որ երբ գա իր ժամը, ոչ ոք հերոսաբար չի նետվի իր՝ բժշկի կյանքը փրկելու՝ սրտի անուղղակի մերսման միջոցով վերակենդանացնել փորձելիս իր կողոսկրերը կոտրելով։ Չզարմանաք, բայց հենց դա է տեղի ունենում, երբ մերսումը ճի՛շտ են անում։ Բժիշկը հասկանում է, որ կան պահեր, երբ իմաստ չունի հսկայական միջոցներ վատնել բուժման վրա, միացնել կենսաապահովման սարքերը և տանջել մարդուն, որի ուզածն ընդամենը հանգիստ ու անաղմուկ հեռանալն է։

Մի սկսնակ բժիշկ խոստովանել է, որ իր գործընկերներից հաճախ է լսել այսպիսի մի արտահայտություն․ «Խոստացիր, որ եթե ինձ էս վիճակում տեսնես՝ մատդ մատիդ չես խփի»։ Եվ այդ խոսքերը միանգամայն լուրջ են ասվում։ Ոմանք էլ նմանատիպ դաջվածքներ են անում սեփական մարմնին։ Մեղավորն, իհարկե, բուն համակարգն է, և, անշուշտ, յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակ, երբ անբուժելի հիվանդի հարազատները մոտենում ու աղաչում են «անել հնարավոր ամեն բան»։ Եվ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ։ Նույնիսկ երբ բժիշկներից մեկնումեկը խորհուրդ է տալիս վերջ տալ և զուր չտանջել հիվանդին, վշտից կուրացած մարդիկ ընդունակ չեն դա ընկալելու։ Չարժե մոռանալ նաև խնդրի ֆինանսական կողմի մասին․ հաճախ բժիշկները պիտի փող վաստակելու որոշակի «պլան» կատարեն։ Իսկ սրտի՝ տխրահռչակ արհեստական մերսման միջոցով վերակենդանացման փորձերից հետո մարդկանց մեծ մասը միևնույն է՝ մեռնում է կամ եթե ոմանք նույնիսկ ողջ են մնում, հիմնականում դառնում են անդամալույծ (վերակենդանացման փորձի ժամանակ ուղեղը վնասելու դեպքում)։ Հաճախ դա անօգուտ ընթացակարգ է, մանավանդ, եթե խնամյալը չափազանց թույլ է կամ զառամյալ․ դա նրան ոչինչ չի տա, սոսկալի տառապանքներից բացի։

Ի դեպ, հենց այն պատճառով, որ բժշկի մասնագիտությունը կապված է հիվանդին (թեկուզ և նրա օգուտի համար) տառապանքներ հասցնելու հետ, բժիշկները մյուս մասնագիտությունների ներկայացուցիչներից ամենից շատն են հակված ճնշվածության և հարբեցողության։

Մարդիկ, որոնց խնամում են հոսպիսում (բուժ-սոցիալական հաստատություն, որտեղ հոգեբանական և սոցիալական աջացության եղանակով ձգտում են հնարավորինս մեղմել վտանգավոր հիվանդության հետ առնչվող հիվանդի և նրա հարազատների վիճակն ու լավացնել խնամյալի կյանքի որակը, ծնթ․խմբ․) որպես կանոն ավելի երկար են ապրում, քան նույն հիվանդությունից տառապող մարդիկ, որոնց բուժում են սովորական կլինիկայում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեղադրել համակարգին և նրանց, ովքեր կանգնած են դրա հետևում։

Հոսպիսներում մարդկանց բուժելով չեն առողջացնում։ Նրանց պարզապես առավելագույն հարմարավետ պայմաններ են տրամադրում և ձգտում հնարավորինս թեթևացնել հիվանդի ցավերը։ Դրա համար էլ բժիշկները նախընտրում են մեռնել։ Նրանք ուզում են ապրել, ոչ թե գոյությունը մի կերպ քարշ տալ։ Ուստի պատվիրում են իրենց չվերակենդանացնել ու չփորձել «հետ բերել»։