Ամբողջ աշխարհում տղամարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են ուշադրություն դարձնում իրենց առողջությանը եւ կանանց համեմատ ավելի քիչ են դիմում բժշկի:
Հայ տղամարդիկ բացառություն չեն, անգամ եթե խոսքը սեռական առողջության մասին է:

Ըստ մաշկաբան-սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի՝ մեր տղամարդիկ ոչ միայն չեն սիրում հետազոտվել, այլ իրենց մոտ սեռավարակների առկայության հնարավորությունը բացառում են:

«Սեռավարակները նրանք ընկալում են որպես սխալ արարքների հետեւաւնք: Իսկ իրենք վստահ են, որ ոչ մի սխալ արարք չեն կատարել, դրա համար իրենք բացառում են, որ նման հիվանդություններ կարող են ունենալ: Աշխատանքային միգրանտ տղամարդը կարծում է, որ ինքը (այլ երկրում ) չի ունեցել սեռական հարաբերություններ ում հետ պատահի, այլ միայն իր ընտրյալ կնոջ, որը նախկինում այլ «ընտրյալ» տղամարդու հետ սեռական հարաբերություններ է ունեցել… եւ այլն», - նշել է մասնագետը եւ հավելել.

«Խնդիրն այն է, որ հիվանդները կարծում են, որ իրենք սեռավարակներ կարող են ունենալ միայն այն ժամանակ, երբ ախտանշաններ կամ բողոքներ են առաջ գալիս: Սակայն կան վարակներ, օրինակ խլամիդիոզը, որի 80 տոկոսի դեպքում հիվանդի մոտ ոչ մի բողոք կամ ախտանշան չի լինեում»:

Հետաքրքիր է, որ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքերի մեծամասնությունը լինում է հենց այն ժամանակ, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, մասնավորապես Ռուսաստան, ուր մեկնում է Հայաստանի աշխատանքային միգրանտների 80 տոկոսից ավելին եւ որտեղ սեռավարակների տարածումը 10 անգամ ավելի բարձր է, քան մեզ մոտ:

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Հայաստանում ՄԻԱՎ-դրական անձանց 73 տոկոսը աշխատանքային միգրանտներն են (հատկապես նրանք, ովքեր Ռուսաստան են մեկնել աշխատելու) եւ իրենցից վարակված սեռական զուգընկերները կամ կանայք:

Հետաքրքիր է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ն ավելի շատ աշխատանքային միգրանտների մոտ է տարածված, այլ ոչ ավանդական ռիսկի խմբերում. ներարկային թմրամիջոցներ ընդունողների, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց եւ այլն։

Հետևեք NEWS.am