Արդեն հայտնի է, որ օգոստոս ամսից երգիչ Արսեն Սաֆարյանը դադարեցրել է «Saf club»-ի հետ իր համագործակցությունը: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչի հետ եւ մանրամասներ իմացել:

«Ակումբի սեփականատերը ընկերս է, նրա հետ կոնֆլիկտային հարաբերություններ չունենք, պարզապես մեր հայացքներն ու ճաշակներն էին տարբեր, որի համաձայն որոշեցի դադարեցնել մեր գործունեությունը: Կարծում եմ՝ սա նորմալ իրավիճակ է, շատ է պատահում, երբ ընկերները եւ անգամ եղբայրները մեկ բինզնեսում համաձայնությունների չեն գալիս: Այսինքն՝ այս ամենի մեջ կնոֆլիկտ փնտրելն իզուր է»,- նշեց Արսեն Սաֆարյանն ու շարունակեց.

«Այս մասին ես հրապարակավ նշեցի, քանի որ ինձ շատ էին զանգում, ասում, թե ուզում են ինձ մոտ միջոցառում կազմակերպել, եւ սխալ կլիներ, եթե մարդիկ չիմանային, որ ես այլեւս այդ ակումբի հետ կապ չունեմ: «Saf club»-ը շարուանակում է իր հաջող գործունեությունը, ինչի համար ուրախ եմ, նրանց բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում»:

Արսեն Սաֆարյանը վստահեցրեց՝ «Saf club»-ի կայացման հարցում մեծ է եղել իր ներգործությունը.
«Այստեղ մոտ 12 մենահամերգ եմ ունեցել, բազմաթիվ խմբերի եմ հրավիրել, իմ միջնորդությամբ ֆիլմեր են նկարահանվել, այսինքն՝ ակումբում քիչ աշխատանք չեմ արել»,- նշեց նա եւ վստահեցրեց՝ մեծ հավանականությամբ առաջիկայում իր առանձին բիզնեսը կհիմնի:
Չնայած Արսեն Սաֆարյանն այլեւս կապ չունի այս ակումբի հետ, սակայն «Saf club»-ի անունը անփոփոխ կմնա:

«Անունը փոխելու պահանջ չեմ ներկայացնի, սա այդ դեպքը չէ, հատկապես, որ ասում են, թե Փարիզում եւս համանուն ակումբ կա: Այս հարցերում շատ մեծահոգաբար եմ մոտենում: Կարծում եմ՝ եթե առաջիկայում իմ ակումբը բացեմ, ապա ինձ հաստատ դժվար չի լինի իմ անվան հետ կապված նոր անուն մտածել»,- հավելեց նա: