Հայտնի մարդկանց մոտ նկատվում է երկու միտում. երբ նրանք ամուսնանում են, կա՛մ իրենց հարսանիքը մեծ շոու են դարձնում` հարսանեկան բոլոր նկարները տարածելով համացանցում, կա՛մ անում են լրիվ հակառակը` խիստ գաղտնի են պահում և՛ իրենց ամուսնացած լինելը, և՛ իրենց կնոջը կամ ամուսնուն: Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն: Նրանք շատ չեն սիրում խոսել իրենց անձնականի մասին՝ համարելով, որ, մշտապես հանրության աչքի առաջ լինելով, իրենց ընտանեկան անդորրը կարող է խաթարվել։ Սակայն համացանցն այն բաց հարթակն է, որտեղ ինչ-որ մեկին գաղտնի պահելը գրեթե անհնար է: Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, ովքեր հասարակության աչքից թաքուն են պահում իրենց ընտրյալներին, չնայած նրանցից շատերն արդեն երեխաներ ունեն ու երեխաների լուսանկարներն էլ անկաշկանդ հրապարակում են, բայց արի ու տես՝ ամուսիններին գաղտնի են պահում:

 Քրիստինե Պեպելյան

Իր ամուսնությունը բոլորից գաղտնի էր պահում հայկական շոու-բիզնեսի ամենանուրբ ու քնքուշ երգչուհիներից մեկը՝ Քրիստինե Պեպելյանը: Մինչև օրս էլ երկրպագուներից ոչ մեկ դեռ չգիտի՝ ով է Քրիստինեի ընտրյալն ու ինչով է զբաղվում: Երգչուհու սոցիալական էջերում նույնիսկ լավ փնտրելու դեպքում անհնար է գտնել համատեղ լուսանկար ամուսնու հետ: Նշենք, որ Քրիստինեն դեռ երեխա չի պարգևել սիրելիին:

Սարո Թովմասյան

Երգիչ Սարո Թովմասյանի ամուսնացած լինելու մասին լուրը հանրությունն իմացավ երգչուհի Նանայի միջոցով, ով իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` գրելով․ «Ես, Սարոն և Սարոյի կինը՝ Տաթոն»: Զույգն արդեն տևական ժամանակ միասին է: Ցանկացած պատեհ առիթ Սարոն օգտագործում է շնորհակալություն հայտնելու կնոջը՝ Տաթևին, որ իրեն պարգևել է կյանքի ամենամեծ հաղթանակին` դստերը՝ Վիկտորյային:

 Դավիթ Մարդյան

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Դավիթ Մարդյանն ամուսնացել է 2015-ին: Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան է: Դավիթը ևս առանձնապես չի սիրում խոսել ընտանեկան կյանքի մասին, սակայն կնոջ՝ Սեդայի հետ երբեմն լուսանկարներ հրապարակում է:

Լիլու

Լիլուն ամուսնացել է 2016թ. հունվարին: Նրա ամուսնու մասին գիտենք այն, որ ֆրանսահայ է: Երգչուհու պրոդյուսերն էլ «էն գլխից» ասել էր. «Նա չկա սոցցանցերում․ նախ՝ շատ զբաղված է, հետո էլ չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»: Նա չկա, հասկացանք, բայց Լիլուն էլ հո կա: Ամուսնության մասին լուրերից 4 ամիս անց Լիլուն երեխա ունեցավ: Որդու լուսանկարներով երգչուհին հիմա էլ սիրով կիսվում է իր սոցէջերում, սակայն ամուսնու լուսանկարը նա այդպես էլ չհրապարակեց ոչ մի անգամ:

Էմմի

Երբ Էմմին հայտարարեց, որ ամուսնացել է, բոլորն անակնկալի եկան: Ֆեյսբուքով ստատուս գրել և հենց այդպես ասել, որ ամուսնացել ես, իսկապես տարօրինակ է: Բայց ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: «Նա սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը»,- գրել էր երգչուհին: Շատերի մոտ լուրջ կասկածներ առաջացան՝ իսկապե՞ս Էմմին ամուսնացել է, մինչև որ երգչուհու և նրա ամուսնու պապարացիական լուսանկարները հայտնվեցին համացանցում: Իսկ արդեն երկրորդ բալիկի ծնունդը ոչ մի կասկած չթողեց այս հարցի շուրջ: Թերևս միակ հարցը շարունակում է մնալ այն, թե ինչումն է բանը, որ երգչուհին անգամ ընտանեկան միջոցառումներից արված լուսանկարներում չի ցուցադրում ամուսնուն:

 Սոնա Շահգելդյան

Չկա մի հարցազրույց, որտեղ Սոնան չընդգծի, թե որքան կարևոր դեր ունի իր կյանքում ամուսինը: Սոնան ասում է, որ ամուսինն իրենից անբաժան է ու ուղեկցում է նրան ամենուր: Բայց արի ու տես, որ Սոնային ու ամուսնուն երկրագնդի վրա ոչ մի լրագրողի այդպես էլ չի հաջողվել գոնե մի կադր նկարել: Ամուսնու մասին Սոնան կարող է ժամերով պատմել, բայց նրա լուսանկարը հրապարակել՝ երբեք: «Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»,- հարցազրույցներից մեկում ասել է Սոնան: Սակայն այսքանով հանդերձ երգչուհին որոշ գաղտնիքներ բացահայտել է` ասելով, որ ամուսինը երգարվեստի հետ կապ չունի ու զբաղվում է բիզնեսով: Ըստ տարածված խոսակցությունների՝ Սոնան ամուսնուց՝ Նարեկից, տարիքով մեծ է, սակայն, ինչպես հենց երգչուհին է ասել, տարիքային այդ տարբերությունը ոչինչ չի նշանակում:

Նորո

Ամերիկաբնակ հայտնի երգիչ Նորոն ամուսնացել է 2010-ին: Նորոն սիրելիին գրկելու ու արդեն աչքերի մեջ նայելով «սիրում եմ» ասելու համար ստիպված եղավ օվկիանոս կտրել: Նրա կինը՝ Արմինան, Գլենդելից է: Ուսանողական տարիներին միասին են սովորել կոնսերվատորիայում: Արմինան քանոնահարուհի է: Զույգն ունի երկու երեխա: Նորոն հանրությունից չի թաքցնում ընտանիքին, բայց համեստ է նաև համատեղ լուսանկարներ հրապարակելու հարցում:

 Գևորգ Մարտիրոսյան

Չամուսնացածներին ամուսնանալ հորդորող Գևորգ Մարտիրոսյանը վաղուց է ամուսնացել։ Կինը նրան 2 երեխա է պարգևել՝ տղա և աղջիկ։ Երգիչը, սակայն, ընտանիքին հանրության առաջ համարյա չի ներկայացնում, և կարծես որևէ տեղեկություն չունենք նրա ու նրա ընտանիքի վերաբերյալ: Սոցցանցերի էջում Գևորգը հաճախ է նկարներ հրապարակում երեխաների ու երբեմն էլ՝ կնոջ հետ, բայց նրանց մասին գրեթե չի խոսում:

 Վաչե Ամարյան

Երգիչ, դերասան Վաչե Ամարյանը միայն որդու ծնունդից հետո որոշեց ցույց տալ կնոջ՝ Աննայի, լուսանկարը: Զույգի առաջնեկն՝ Ալեքսը, արդեն մեկ տարեկան է: Իսկ թե ով է ու ինչով է զբաղվում Վաչեի սիրելին, ոչ ոք չգիտի:

 Վաչե Ամարյան

Թեև Արման Հովհաննիսյանի ամուսնությունը ոչ մեկի համար գաղտնիք չէր, ոչ էլ նրա կնոջ ով լինելը, այնուամենայնիվ, հայտնի երգչին ու նրա կնոջը հազվադեպ կարելի է տեսնել միասին միջոցառումների ժամանակ։ Երգիչը զերծ է մնում նաեւ սոցցանցերում ընտանեկան լուսանկարներ հրապարակելուց։ Զույգը մեծացնում է դուստրերին։