Ամառը մոտենում է ավարտին, ինչը նշանակում է, որ ունենք ընդամենը մեկ շաբաթ՝ տաք հանգիստը վայելելու եւ նոր արկածներ կերտելու համար: Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն, օրինակ, արդեն հասցրել է դա անել: Մանեի համար այս ամառը բավականին հագեցած անցավ ու գունեղ: Հաղորդավարուհին հասցրել է լինել Եվրոպայի ամենահետաքրքիր վայրերից մի քանիսում եւ վայելել սիրելի արտիստների համերգները: Իսկ ճանապարհորդությունների մանրամասները Մանեն պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ տրամադրել լուսանկարներ:

 «Այս ամառ հանգիստս ավելի շատ կառուցել եմ իմ սիրելի երկու արտիստների համերգներին ներկա լինելով: Առաջինը Բեյոնսեի համերգն էր Բարսելոնայում: Մայրիկիս եւ դստերս հետ այդ շրջագայության շրջանակներում եղա նաեւ Պալմա դե Մալյորկայում, որտեղ արդեն վայելեցինք ծովափնյա հանգիստ:

 Երկրորդ համերգը, որին ներկա եղա այս ամառ Ջաստին Թիմբերլեքի համագն էր՝ Բեռլինում: Եղբորս, նրա կնոջ Անիի և Արփինեի հետ էինք այս անգամ: Բեռլինից բացի՝ եղանք Գերմանիայի մի քանի քաղաքներում, ինչպես նաեւ երկու օրով մեկնեցինք Չեխիա»:

Հաղորդավարուհին խոստովանում է՝ 2018 ամառն իր համար միշտ կասոցացվի Բեյոնսեի եւ Ջասթինի համերգներով:

«Ասել տպավորված եմ` նշանակում է ոչինչ չասել: Ջասթինի համերգից հետո դեռ չեմ կարողանում վերադառնալ իրականություն ու վստահ եմ՝ երբեք չեմ մոռանա այս հրաշալի համերգը: Բեյոնսեի համերգը նույնպես շատ էմոցիոնալ անցավ, ես եւ աղջիկս անգիր երգում էինք նրա երգերը:)

Սիրեցի շատ Բարսելոնան, Պրահան, Դրեզդենը … Իսկ, այ, Բեռլինը շատ սառն էր ինձ համար»:

Մանեն նշում է՝ ինքը պասիվ հանգստի սիրահար է, նախընտրում է արեւ ու ծով:

«Ի դեպ, ես չեմ լողում լողազանում, երբ կողքս ծով կա ու, առհասարակ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է լինել ծովի կողքը եւ լողալ միայն լողավազանում»:

Մանեի ճանապարհի լավագույն ընկերը դուստրն է՝ 6-ամյա Կայան:

 «Արդեն զգում եմ, թե մի քանի տարի հետո մեզ ինչ հետաքրքիր ճանապարհորդություններ են սպասվում»,-հավելում է նա:

Ի դեպ, ճանապարհորդությունները զերծ չեն մնացել անսպասելի ու զավեշտալի դեպքերից, որոնցից մեկը երգիչ եւ դերասան Արսեն Գրիգորյանի հետ պատահական հանդիպումն է եղել Բեռլինում:

 «Ես գիտեի, որ նա Բեռլինում է, մենք ցանկանում էինք հանդիպել, բայց նախ՝ քաղաքի տարբեր մասերում էինք կանգ առել եւ 2-րդ՝ հավատացեք՝ Բեռլինում շատ դժվար է որեւէ մեկի հետ, առհասարակ, պայմանավորվել ու հանդիպել... Քայլում էի, մեկ էլ զգում եմ՝ ինչ-որ մեկը կողքովս քայլում է եւ նայում ուղիղ ինձ վրա: Անհանգստացած՝ անգամ գլուխս չպտտեցի ու արագ քայլերով փորձում էի հասնել իմ խմբին, մեկ էլ կողքից գոռաց՝ Մանե՜ ... Չեք կարող պատկերացնել, թե ինչպես վեր թռա, ոնց էի բղավում վախից:)»,-հիշում է հաղորդավարուհին, որից հետաքրքրվեցինք, հե՞շտ է, արդյոք, նման բուռն արկածներից հետո վերադառնալ աշխատանքի:

«Ես էլ բոլորի նման դժվար եմ վերադառնում, բայց դա միայն առաջին մեկ օրն է . հետո արդեն աշխատանքիս գրաֆիկը ու նաեւ քանակը, ստիպում են ինձ մոռանալ ամեն ինչ եւ անցնել գործի:)»: