Իսկական ընկեր էր՝ բառի ամենախորը իմաստով. միասեր էր: Սամը սիրում էր մեկին ու վերջ։ Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 24-ամյա Սամվել Մանասերյանի քույր Նանա Պետրոսյանը:

Սամվելը սովորել է Կալինինգրադի ФСБ-ի ինստիտուտում: Արևելյան մարտաձևի՝ ջիոսիմո-կարատենդոյի Հայաստանի և Եվրոպայի չեմպիոն էր, աշխարհի փոխչեմպիոն:

«Սամվել անունը երևի նախախնամությամբ էր տրված։ Եբրայերեն «Սամուէլ» նշանակում է Աստծո պարգև։ Աստված իր պարգևը շատ համարեց այս մեղավոր աշխարհին ու այնպիսի մահով տարավ, որ ազգս շնորհակալ մնա նրա անձնվեր գործին։ Երբ հարցնում են՝ ինչպիսին էր Սամը, ինձ հանկարծ բռնում եմ այն մտքի վրա, որ ոչ մի թերի գիծ չեմ կարողանում հիշել: Միշտ լայն ժպիտով էր, ամպերը ցրող ժպիտ ուներ: Լավ որդի էր: Երևի, հայրենասիրության մասին խոսելն իզուր է, գործով ապացուցեց, միայն ասեմ, որ ընկերներից մեկի հետ զրույցում, որի ձայնագրությունը պահպանվել է, ասում է. «Դեռ Տավուշի դեպքերի ժամանակ էի խնդրում հրամանատարիս, որ ինձ այնտեղ ուղարկի, այնպես եմ տրամադրված, որ ամենավատ տեղն էլ ուղարկեն, գնալու եմ, ես ծնվել եմ, որ հայրենիքս պաշտպանեմ»»,-պատմում է քույրը:

Նանան, Սամվելին հիշելով, ասում է՝ շատ սիրուն էր, նույնչափ՝ խելացի: «Միշտ շրջապատված է եղել սիրուն աղջիկներով, ովքեր գուցե և անտարբեր չէին իր նկատմամբ։ Սամը հարգանքով էր վերաբերվում բոլորին, բայց նկատում էր միայն մեկին։ Ընկերոջ հետ վերջին զրույցում ասել էր՝ Կար, էստեղ նորմալ կապ չկա, խոսեք Մարիետայի հետ, տեսեք, թե սիրում է, մինչև Բաքու կհասնեմ»:

Քույրը պատմում է, որ Սամվելը վաղուց չէր կարողանում արձակուրդ գալ, սեպտեմբերի 24-ին գնացել է տուն, իսկ 27-ի առավոտյան վազել է հետ. անընդհատ կրկնում էր՝ ժամանակ չկա, գնամ, հասնեմ: «Իսկ արձակուրդներին գրեթե տանը չէր մնում, գնում էր պուճուրների հետ կարատե պարապելու. գերակտիվ, լուրջ, արև ու արծիվ Սամս»։