Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 100 պայթյունավտանգ առարկա, ինչպես նաև ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի ևս 3 կմ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական ինժեներական ստորաբաժանումներն իրականացնում են տեղանքի և ընդհանուր օգտագործման ճանապարհների ինժեներական հետախուզություն և ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մոտ։ Կենտրոնի մասնագետները կատարել են ինժեներական հետախուզություն և Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի 3 կմ հատվածից հեռացրել են պայթյունավտանգ առարկաները։ Մեկ օրում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվել», – գրված է ՌԴ ՊՆ կայքում։

Գերատեսչությունից հաղորդում են, որ խաղաղապահական գործողությունների ընթացքում ռուսական ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա։ Այն զինատեսակները, որոնք հնարավոր չէ տարհանել զորավարժարան, ոչնչացվում են տեղում՝ նախապես ապահովելով անվտանգությունը։

ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդում է, որ ռուս խաղաղապահները տեղի իշխանություններին օգնում են վերականգնել երթևեկությունը, սոցիալական օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը և ջերմամատակարարումը։