Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության եւ ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի (SNMCMG2) նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սեւ ծովում: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Սա օգնում է Վրաստանի առափնյա պահպանության ծառայությանն ավելի լավ ծանոթանալ ՆԱՏՕ-ի դոկտրիններին, հայեցակարգերին, ընթացակարգերին եւ ծովային օպերացիաների լավագույն փորձին»,- մեջբերում է մամուլի ծառայությունը ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ​​հակաականային խմբի աշխատակազմի ղեկավար Ալեսիո դի Ստեֆանոյին:

Զորավարժությունների նպատակն էր բարձրացնել Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի համատեղելիությունը եւ ամրապնդել հանրապետության պաշտպանությունը: ՆԱՏՕ-ի նավերի այցերը Վրաստանի նավահանգիստներ պարբերական բնույթ են կրում եւ ծառայում են Սև ծովի անվտանգության բարձրացմանը, հավելել են մամուլի ծառայությունում:

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խումբը (SNMCMG2), որը բաղկացած է հինգ նավերից, Վրաստանում է գտնվում սեպտեմբերի 28-ից: Դրա կազմում են նավերն Իսպանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից: Սա այս տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի նավերի չորրորդ այցն է: