Օգտատեր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ քննարկում ենք գերիների մասին իշխանության անմարդկային խոսքերը, հիշեցի նրանց արած կոնկրետ անմարդկային գործը, որի մասին գրել էինք այս տարվա օգոստոսին:
Լուսանկարում 7 տարվա պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հայր Արթուր Ստեփանյանն է, ով իր ծառայակից ընկերների հետ պատերազմի հենց առաջին օրը Զանգելանում հայտնվել էր գերության մեջ:
Մինչ նա թշնամու կողմից ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների էր ենթարկվում, այստեղ ՀՀ ՊՆ-ն գերեվարումից 72 ժամ հետո աշխատանքից ազատում է նրան` ապրուստի միջոցից զրկելով Ստեփանյանի վեց հոգանոց ընտանիքը:
Արթուրը պետության կողմից նման դաժան վերաբերմունքի արժանացած միակ պայմանագրային զինծառայողը չէ: Նրանք շատ-շատ են:
Զինծառայողը ութ ամիս եղել է Բաքվի բանտում, ապա դատապարտվել ազատազրկման, ինչի ընթացքում պետության կողմից նրա ընտանիքի նկատմամբ որևէ վերաբերմունք չի եղել, անգամ չեն հետաքրքրվել, կարծես նա երբևէ գոյություն էլ չի ունեցել:
Իսկ ինչո՞ւ էր նա հայտնվել գերության մեջ: Պատճառը սխալ ինֆորմացիան էր, ինչի հետևանքով նրանք ընկել էին շրջափակման մեջ: ​​ՀՀ-ից Արցախ էին մեկնել երեք ավտոբուսով` մոտ 50 հոգի: Արդյունքում եղել են բազմաթիվ զոհեր, գերության ընկածներ, մինչ օրս շատերը որոնվում են որպես անհետ կորած:
Ահա թե ինչ վերաբերմունք էին արժանանում նրանք, ում պետությունը ինքը ուղարկում էր իր երկրի սահմանները պահելու»: