Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ ընկերների ու ընտանիքի անդամների հետ երեկ էր խոսել:

«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Դուխով տղա էր, վախ չուներ, ոչ մի բան դեմ կանգ չէր առնում, ծանուցագիրը եկել էր, եկավ վերցրեց ու գնաց: Մոտ 13 օր էր՝ ինչ դիրքերում էր»,- պատմեց Նորաբացի գյուղապետը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:

ACE8E979-3CE1-49ED-904E-8876121BC29F.jpg (17 KB)