Հունվարի 23-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Կիեւի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշի շրջանում, տեղեկացրել է քաղաքի վարչությունը, այրվել են մի քանի ավտոմեքենաներ, նախնական տվյալներով՝ վնասվել է բազմահարկ մի շենք։

Վնասվել են նաեւ շենքեր Պեչորայի եւ Սոլոմենսկի շրջաններում։


Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝վիրավորվել է ինը մարդ։ Տուժածների մեծ մասը քաղաքի Սոլոմենսկի շրջանից է, ութ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, մի հոգի՝ 13 տարեկան մի դեռահաս, տեղում ստացել է բժշկական օգնություն։

Հունվարի 23-ի առավոտյան հարվածի է ենթարկվել նաեւ Խարկովը։ Փլուզվել է բնակելի տներից մեկի մուտքը, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Փլատակների տակ, որտեղ աշխատում են փրկարարները, կարող են մարդիկ գտնվել։ Քաղաքի Կիեւի շրջանի մի մասը գնդակոծության հետեւանքով հոսանքազրկվել եւ ջրազրկվել է։ Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է զոհված երկու կանանց մասին։

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկացրել են նաեւ Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները։ Շրջանի ղեկավար Սերգեյ Լիսակը գրել է, որ Պավլոգրադում գնդակոծության պատճառով մի մարդ մահացել եւ մեկ հոգի վիրավորվել է։

Հունվարի 23-ի առավոտյան Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է ռուսական ռմբակոծիչներից թեւավոր հրթիռների արձակման մասին, այդ թվում Կիեւի ուղղությամբ։