«Նախիջևանի թեմատիկան այսօր ակտուալ է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Այն այսօր գտնվում է ռազմականացման, ռազմական տեխնիկայի կուտակումների ակտիվ փուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը։

Նրա խոսքով՝ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Նախիջևանում որոշակի ռազմական կուտակումներ տեղի ունեցան. «Դա հաստատեցին նաև Հայաստանի իշխանությունները, ինչը որոշակի մտահոգության առիթ տվեց։ Մտահոգիչ է նաև Նախիջևանում նոր ռազմական գնդի բացումը, որի բացման արարողությանը ներկա էր անձամբ Ալիևը»։

Նա ներկայացրեց այն զինատեսակները, որոնցով համալրվել է Նախիջևանը. «Խոսքը մասնավորապես շուրջ 300-350 միավոր ռազմական տեխնիկայի մասին է։ Հայաստանի անվտանգության տեսանկյունից մտահոգիչ է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը Նախիջան, նաև թուրքական «Ռոկեթսան» հայտնի ընկերության կողմից մի քանի միավոր T-300 Kasirga-ներից, որոնք նույնպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են, ինչպես նաև՝ T-122 Sakarya տեսակի ռեակտիվ համակարգերը։ Հաշվի առնելով սահմանի ոչ այնքան մեծ հեռավորությունը Երևանից (ընդամենը 60 կմ), իսկապես սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասաց նա։

Հայկական կողմը, ըստ նրա, բավական լուրջ, արդյունավետ և համապարփակ քայլեր է ձեռնարկում՝ հակազդելու այս գործընթացներին. «Միանշանակ կարելի է ասել, որ իրավիճակը վերահսկելի է՝ նախ և առաջ հաշվի առնելով մեր ՀՕՊ բավականին մարտունակ համակարգերի առկայությունը։ Վերջին տարիներին մենք ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին պայմանագիր ստորագրեցինք Ռուսաստանի հետ, ինչը վավերացվեց խորհրդարանի կողմից։ Սա, ըստ էության, բարձրացնում է ոչ միայն Հայաստանի ՀՕՊ համակարգի արդյունավետությունը, այլև տարածաշրջանային տեսանկյունից կայունության և անվտանգության բավական լավ զսպող գործոն է։

168.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ առաջիկայում Իրանն էլ զորք մտցնի Նախիջևան, քանի որ փորձագիտական շրջանակներում արդեն խոսվում է նման հավանականության մասին, նա այսպես պատասխանեց.

«Որևէ հիմնավորում, գործընթաց կամ միտում չկա, որ որոշակի զարգացումների պարագայում՝ Իրանը զորքեր մտցնի Նախիջևան։ Տեղեկատվական դաշտում մենք հանդիպում ենք նման հոսքերի, որոնք քաղաքական նպատակներ ունեն, դրանք զուտ քարոզչական բնույթ են կրում։ Եթե նույնիսկ հաշվի առնենք ռազմաքաղաքական ընդհանուր զարգացումները, ապա որևէ հիմք չկա նման ենթադրության համար, որովհետև նախ՝ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտում է իր անվտանգության կարևորագույն օջախներից մեկը, և երկրորդ՝ Թուրքիայի խնդիրը կա, որի համար անընդունելի է նման ձևակերպումը, քանի որ Թուրքիան ինքն իրեն դիտարկում է՝ որպես Նախիջևանի անվտանգության երաշխավոր»։