Արցախում 3 զինծառայողների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 21-ին ժամը 18:35-ի սահմաններում ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակատանկային ականի պայթյունի հետեւանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը եւ Սարգիս Մհերի Մելիքյանը: Շարքային Նարեկ Հայկի Հովեյանը պայթյունաբեկորային մարմնական վիրավորումներով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։