Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել: Ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանց! ել:

Հոդվածում խոսքը, մասնավորապես 650-700 մ բարձրություն ունեցող Պապաքարի բարձունքի մասին է: Համացանցային բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված բլրի վրա նախկինում ևս Ադրբեջանի զինուժն էր տեղակայված:

2018 թ. հոկտեմբերին սահմանի այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայումից հետո կատարվել են որոշակի ինժեներա-ամրաշինական աշխատանքներ, սակայն ադրբեջանական սահմանապահ զորքերն այդպիսով ամրացել են Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում՝ ՀՀ սահմանից շուրջ 500-600 մ հեռավորության վրա:

2017 թ. և 2019 թ. ապրիլի 27-ին Google Earth-ի տրամադրած արբանյակային լուսանկարներում հստակ երևում է, որ, ի տարբերություն ադրբեջանական սահմանապահների, նշված հատվածում ՀՀ զինված ուժերը կատարել են մեծածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ գրանցելով շուրջ 1-1,5 կմ առաջխաղացում և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Ադրբեջանական կողմում կառուցվել է նոր հենակետ և այդ հենակետ տանող ճանապարհ: Հիմնական աշխատանքները երկու կողմում իրականացվել են 2019 թ. ընթացքում:

2019 թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում կողմերը շարունակել են ինժեներա-ամրաշինական աշխատանքները: Նշված ժամանակահատվածում, սակայն, ինչպես երևում է Planet Labs-ի տրամադրած օգոստոսի 11-ի արբանյակային լուսանկարից, էական փոփոխություններ չեն գրանցվել: ՀՀ ԶՈւ-ն շարունակել է ամրանալ առաջնագծի հատվածում, ադրբեջանական սահմանապահները՝ սահմանից շուրջ 500-600 մետր խորք ընկած տարածքում: