ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։

Հունիսի 9-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ Գրոսմայստերները երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին ոչ ոքիից, հետո Արոնյանը պարտություն կրեց, սակայն օրվա երրորդ պարտիայում հաղթանակ տարավ։

Հաջորդ երեք պարտիաներում կրկնվեց նույն սցենարը՝ ոչ ոքի, Արոնյանի պարտությունն ու հաղթանակը։ Վերջին պարտիայում վաստակած երեք միավորի շնորհիվ հայ գրոսմայստերը հաղթեց ընդհանուր՝ 10։8 հաշվով։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում է 3-ական միավոր, ոչ ոքիի համար՝ 1,5-ական միավոր։

Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնյանը մեկնարկել էր պարտությամբ, հետո խաղացել ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հավասարեցրել հաշիվը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս ավարտվել էին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնյանը սեւերով հաղթանակ էր տարել եւ վաստակել 5 միավոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Եզրափակիչի ուղեգրի համար Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին՝ 11,5։6,5։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։