Թեեւ «Ռոման» պարտվեց «Նապոլիին» (1:2), սակայն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավ խաղ անցկացրեց: Երեկ՝ հուլիսի 5-ին, Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 30-րդ տուրում նա գոլի հեղինակ դարձավ 60-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը: Մինչեւ այդ տանտերերի կազմում 55-րդ րոպեին աչքի էր ընկել Խոսե Կալյեխոնը: Մխիթարյանի գոլը չօգնեց «Ռոմային», քանի որ խաղավարտին մոտ՝ 82-րդ րոպեին, Լորենցո Ինսինյեն խփեց «Նապոլիի» հաղթական գնդակը, սակայն նա ամբողջական հանդիպում անցկացրեց եւ բավական բարձր գնահատականի արժանացավ Sofa Score հարթակի կողմից՝ 7.8:

Սա «Ռոմայի» երեկվա կազմում ամենաբարձր գնահատականներից է: Մխիթարյանից բարձր գնահատվել է միայն դարպասապահ Պաու Լոպեսը (8.5): Կիսապաշտպանի մյուս ցուցանիշները նույնպես բարձր են: Ընդհանուր առմամբ «Ռոման» 3 անգամ է հարվածել դարպասին, որից 2-ը Մխիթարյանի հարվածներն են, եւ դրանցից մեկն էլ ավարտվել է գոլով: Նրա փոխանցումների ճշգրտությունն էլ կազմել է 90.9%:

Այս գոլը 31-ամյա ֆուտբոլիստի համար 7-րդն էր «գայլերի» կազմում: Հանդիպումից հետո նա կիսվել է տպավորություններով: Նշել է, որ իր կարծիքով «Ռոման» այս խաղում արժանի չէր առանց միավորների հեռանալուն: Ասել է նաեւ, որ անկախ 3 անընդմեջ պարտություններից՝ թիմը շատ է աշխատում:

«Կարծում եմ՝ այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան անցած մի քանի խաղերում: Մենք պարտվեցինք, բայց ինձ չի թվում, որ արժանի էինք դրան: Մենք մեծ ջանքեր էինք թափում, մեր լավագույնն էինք անում, որպեսզի գոլ բաց թողնելուց հետո վերադառնանք: Ես հավասարեցրի հաշիվը, եւ մենք գոլ խփելու ու առաջ շարժվելու պահեր ու հնարավորություններ ունեցանք, բայց կարծում եմ՝ Ինսինյեի գոլի դեպքում կենտրոնացվածության պակաս ունեինք, այդ պատճառով բաց թողեցինք: Թեեւ 3 խաղ անընդմեջ պարտվել ենք, բայց կարող եմ ասել, որ թիմն իրոք շատ է աշխատում եւ փորձում հասնել այդ առաջին հաղթանակին, որից հետո մրցաշրջանի մնացած հատվածում մենք ավելի շատ ինքնավստահություն կունենանք»,- ասել է նա խաղից հետո ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ այս պարտությունները չեն նշանակում, որ իրենք պետք է խուճապի մատնվեն: Ընդգծել է, որ իրենք լավ պոտենցիալ ունեն, հավասարակշռված թիմ, ու դեռ 8 հանդիպում էլ կա: Անձամբ իր մասին խոսելիս ֆուտբոլիստն ընդգծել է, որ իրեն լավ է զգում:

«Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում, քանի որ մրցաշրջանի վերսկսումից հետո խաղացել եմ բոլոր խաղերում: Իհարկե, որոշ ռոտացիաներ էլ են եղել, բայց կարծում եմ, որ ցանկացած թիմում էլ այդպես է. միշտ չէ, որ փորձառու խաղացողներ են պետք: Համադրություն է պետք փորձառու խաղացողների, ոժեղ խաղացողների, երիտասարդների, խելացիների: Վստահ եմ, որ մարզիչը լավ գիտի՝ ինչպիսի թիմ ընտրել: Այստեղ եմ՝ թիմին օգնելու համար եւ վստահ, որ բոլոր փորձառու խաղացողներն այստեղ են՝ երիտասարդներին ու մյուսներին օգնելու համար, եւ մենք կանենք դա: Մենք թիմ ենք եւ պետք է փորձենք դուրս գալ այս իրաիճակից, եւ համոզված եմ, որ կարող ենք»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա 3 անընդմեջ պարտություններից հետո 48 միավորով շարունակում է պահպանել 5-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունեցող «Նապոլին» 6-րդն է: 5-6-րդ տեղերով առաջնությունն ավարտելը «Ռոմային» հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգայում հանդես գալու հնարավորություն կտա: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը գործնականում շատ բարդ կլինի, քանի որ այդ հնարավորությունը տվող 4-րդ տեղից հետ է մնում 15 միավորով: Աղյուսակում 4-րդն «Ատալանտան» է: