Շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման մասին:

«Կենտրոնացած ենք այս խաղի վրա: Դեռ չենք մտածում պատասխան խաղի դժվարությունների մասին: Պետք է փորձենք լավ արդյունքի հասնել պատասխան հանդիպումից առաջ: Չենք ցանկանում առաջ ընկել: Սպասվում է բարդ հանդիպում: Մեր թիմը ևս ուժեղ է և կփորձի դրական արդյունքի հասնել 2 խաղերում»,- ասել է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպանը:

«Գլազգո Ռեյնջերս» - «Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյի «Այբրոքս» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: