Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանը որոշել է փոխել քաշային կարգը։ 61 կգ քաշային կարգի Եվրոպայի եռակի չեմպիոնը հանդես կգա 57 կգ քաշային կարգում։

«Ես կփոխեմ քաշային կարգս եւ կդառնամ աշխարհի չեմպիոն 57 կգ քաշային կարգում։ Այս տարի կանեմ իմ առավելագույնը եւ բաց չեմ թողնի աշխարհի չեմպիոն դառնալու շանսը։


57 կգ քաշային կարգում կլինեմ առաջինը եւ կմեկնեմ Օլիմպիական խաղերին։ Բոլոր մրցակիցներս թող պատրաստվեն»,- Արսեն Հարությունյանի խոսքը մեջբերում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 57 կգ քաշային կարգում ներկայացնում էր Մանվել Խնձրցյանը։ Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը Զագրեբում պարտվեց մեկնարկային գոտեմարտում։