Հայաստանի հավաքականի, «Այաքսի», «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի», «Փյունիկի» նախկին խաղացող, «Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սեւիկյանին խորհուրդ է տվել սրտով ընտրել ազգային հավաքականը։

Սեւիկյանը հրավեր էր ստացել Ռուսաստանի հավաքականից, սակայն չէր ընդունել։ Սպասվում է, որ հոկտեմբերին նա նորամուտը կնշի Հայաստանի հավաքականում։


«Հայաստանի հավաքականին պետք են լավ խաղացողները, բայց ինձ համար կարեւոր է, որ ֆուտբոլիստը սրտով ընտրություն կատար, մտածի երկրի, ոչ թե իր կարիերայի մասին։

Յուրա Մովսիսյանը կարող էր խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, բայց ընտրեց Հայաստանը։ Ես տարբերակ ունեի Նիդերլանդների հավաքականում, բայց ինքս ցանկանում էի խաղալ Հայաստանի հավաքականում»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է matchtv-ն։

22-ամյա Էդգար Սեւիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր իսպանական «Լեւանտե»։ Այս ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում միացել է «Պարի Նիժնի Նովգորոդին»։