Ավելի քան 20 երկիր համաձայնել է միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ պաշտպանելու Կարմիր ծովում նավագնացությունը Իրանի կողմից հովանավորվող Եմենի հութի ապստամբների հարձակումներից, ասել է ԱՄՆ պաշտպանության պաշտոնյան, հաղորդում է BBC-ն։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի արյունալի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան 1200 մարդ և Գազայի հատվածում իսրայելական ռազմական պատասխանը սկսելուց հետո, Եմենի ապստամբները, որոնք վերահսկում են երկրի զգալի հատվածները, ներառյալ նրա ափամերձ գիծը, հայտարարեցին, որ պատրաստվում են պատերազմել Իսրայելի դեմ։ Այդ ժամանակից ի վեր նրանք բազմիցս հարվածներ են հասցրել նավերին, որոնք եղել են կենսական նշանակություն ունեցող նավագնացության ճանապարհին:

Ծովային ճանապարհը Կարմիր ծովով և հետագայում Սուեզի ջրանցքով կապում է Ասիան և եվրոպական երկրները: Դրանով է իրականացվում համաշխարհային առևտրի մոտ 12%-ը։

Երկուշաբթի ԱՄՆ-ն հայտարարեց Կարմիր ծովում բազմազգ կոալիցիայի ստեղծման մասին՝ իր զինված ուժերի կողմից քաղաքացիական նավերի վրա հութիների հարձակումները չկասեցնելու պատճառով ստեղծված քննադատության ֆոնին: Երկու օր անց հութիները նախազգուշացրեցին, որ հարձակման դեպքում պատասխան կտան։

Ինչպես ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը, հութիները «հարձակվում են աշխարհի երկրների տնտեսական բարեկեցության և բարգավաճման վրա»՝ փաստացի դառնալով «ավազակներ միջազգային մեծ մայրուղու վրա, ինչպիսին Կարմիր ծովն է»:

Կոալիցիոն ուժերը «յուրատեսակ ճանապարհային ոստիկանության դեր կստանձնեն՝ պարեկելով Կարմիր ծովը և Ադենի ծոցը, որպեսզի արձագանքեն և անհրաժեշտության դեպքում աջակցեն առևտրային նավերին, որոնք անցնում են այս կարևոր միջազգային ջրային ճանապարհով», - ասել է նա՝ կոչ անելով հութիներին դադարեցնել հարձակումները։

Ինչպես նշում է Reuters-ը, Պենտագոնի տրամադրած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ կոալիցիային միացած երկրներից առնվազն ութը նախընտրել են չհրապարակել իրենց մասնակցությունը, ինչը վկայում է այս գործողության քաղաքական զգայունության մասին, քանի որ լարվածությունը տարածաշրջանում շարունակում է աճել: