Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 12-ից մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտնում հայ ծանրորդները:

Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը: Երկուսն էլ հանդես կգան 55 կգ քաշային կարգի A խմբում:

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ: Իզաբելա Յայլյանի նախնական հայտը երկամարտում 193 կգ է: Նույնքան է պատվիրել նաեւ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը, թուրք Բուրչու Ալիսին: Ֆավորիտը Իտալիայի ներկայացուցիչ Սելին Լուդովիկա Դելիան է: Երկամարտի նախնական հայտը 205 կգ է:

2023 թվականին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (87+109), Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով 6-րդն էր:

Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Յայլյանը վնասվածք ստացավ եւ լքեց պայքարը, Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 190 կգ արդյունքով պայքարն ավարտեց 6-րդ տեղով:

55 կգ քաշային կարգի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Իզաբելա Յայլյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը կպայքարեն օլիմպիական 59 կգ քաշային կարգում վարկանիշային միավորներ վաստակելու համար:

Հայասստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 17 ծանրորդով:

Տղամարդկանց հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Պահեստայիններն են Գառնիկ Չալոյանը (61 կգ) եւ Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց հավաքականում մրցահարթակ դուրս կգան նաեւ Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականն արդեն ապահովել է Փարիզ-2024-ի երեք ուղեգիր: