Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 17-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգա աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր 89 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը:

Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 12 ծանրորդ: Անդրանիկ Կարապետյանի նախնական հայտը երկամարտում 370 կգ է: 390 կգ նախնական հայ է ներկայացրել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Կարլոս Նասարը: Երկամարտի 380 կգ նախնական հայտ ունի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իտալացի Անտոնինո Պիցոլատոն:

Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (178+196): Պոկում վարժությունում Կարապետյանը 178 կգ-ով սահմանեց մեծահասակների Եվրոպայի ռեկորդ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Կարապետյանը երկամարտի 377 կգ արդյունքով 4-րդ էր 89 կգ քաշայինների պայքարում (175+202): Հրում վարժությունում հայ ծանրորդն արժանացել էր փոքր ոսկե մեդալի:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում Սոֆիայի մրցահարթական դուրս կգան նաեւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից կմասնակցեն Տաթեւ Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):